Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ մեկնարկել է ըմբիշների ուսումնամարզական հավաքը Երևանում:
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հավաքականի մարզիչը պատասխանեց մի քանի հարցի:
Այն մասին, թե ինչու առաջին վարկանիշային մրցաշարին չի մասնակցում Լոնդոնի Խաղերի փոխչեմպիոն, աշխարհի նախկին չեմպիոն, 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, մարզիչն ասաց:
«Անկեղծ ասած` ոչ մի անակնկալ չեմ տեսնում նրանում, որ առաջին վարկանիշային մրցաշարին մեկնում է Կարապետ Չալյանը: Վերջերս կայացած Եվրոպայի առաջնությունում նա շատ լավ հանդես եկավ, իսկ այժմ, քանի որ եվրոպական վարկանիշային մրցաշար է, որտեղ պայքարն ավելի հեշտ է լինելու քան հետագա մրցաշարերում, որոշվեց նրան ուղարկել: Հաջորդ մրցաշարը, որը կկայանա Մոնղոլիայում, անհամեմատ ավելի բարդ կլինի, դրան արդեն կմասնակցի Արսեն Ջուլֆալակյանը: Մեզ համար կարևոր է, որ մեր երկիրը վարկանիշներ ունենա և հավուր պատշաճի մասնակցենք Օլիմպիական խաղերին»:
Անդրադառնալով Ըմբշամարտի համաշխարհային միության նախագահ Նենադ Լալովիչի հայտարարությանը, ըստ որի նախկին ԽՍՀՄ յոթ երկրների մարզիկներ մեղադրվում են խթանիչներ օգտագործելու մեջ` Ջուլֆալակյանը շեշտեց.
«Ես իմ թիմի վրա 99 տոկոս վստահ եմ: Սակայն այստեղ գոյություն ունի անհատի գործոն, այսինքն, եթե որևէ մարզիկ ինքնագլուխ մի բան չի արել, որից մենք տեղյակ չենք, ուրեմն վտանգ չեմ տեսնում: Նախքան որևէ վիտամին օգտագործելը, մենք կապվում ենք մեր բժիշկների և մասնագետների հետ ամեն ինչ ճշտելուց հետո միայն թույլատրում օգտագործել դրանք»:
Խոսելով ընթացող հավաքի մասին մարզիչը նշեց, որ այն հատուկ ֆիզիկական պատրաստվածության ուղղվածություն ունի և կընթանա մինչև ապրիլի 2-ը:
Ռիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշների համար կպայքարեն Ռոման Ամոյանը (59 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ): Մարզիկների հետ մրցատեղի կմեկնեն հավաքականի մարզիչներ Սամվել Գևորգյանը և Էդուարդ Սահակյանը:
ՀԱՕԿ լրատվության բաժին