IBA – Ի ԿՈՆԳՐԵՍԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

10:27 - 18 Հուլ, 2022

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA)  առաջիկա արտահերթ կոնգրեսը կկայանա Հայաստանում: Այս մասին հայտնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան:

Ալժիրում կայացած նիստի ընթացքում քվեարկության է դրվել առաջիկա ընդլայնված կոնգրեսն անցկացնելու վայրի ընտրության հարցը։  Հավակնող երկրներն էին Հայաստանը, Թուրքիան և Նիդերլանդները։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հաղթել է բացահայտ առավելությամբ։ 17 քվեարկողներից 15-ը նախապատվությունը տվել են Հայաստանին։ Նման ընտրությունը IBA-ն և քվեարկությանը մասնակցած անձիք բացատրել են նրանով, որ համաշխարհային բռնցքամարտի ընտանիքում կտրուկ բարձրացել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հեղինակությունը, իսկ վերջերս ամենաբարձր մակարդակով անցկացված  Եվրոպայի առաջնությունը դրա վառ ապացույցն էր։

«Այսպիսով պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական մարզաձևից Հայաստանը կնդունի համաշխարհային կոնգրես։ Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում Երևան կժամանի համաշխարհային բռնցքամարտի ամբողջ էլիտան։ Սպասվում է մոտ 200 երկրի ավելի քան 400 ներկայացուցչի մասնակցություն»,-ասված է հաղորդագրությունում։

Կոնգրեսի ընթացքում քննարկվող հարցերից գլխավորը լինելու է  IBA-ի նախագահի նոր ընտրություններ անցկացնել-չանցկացնելու հարցը։ ՄՕԿ-ը կամայականորեն չի ընդունել IBA-ի նախագահի վերջերս կայացած ընտրությունը` նշելով, որ առկա են եղել խախտումներ` մինչդեռ բռնցքամարտի միջազգային կառույցը պնդում է, որ  ընտրություններն անցկացնելիս առաջնորդվել են հստակ կանոնադրությամբ։

 

Այլ նորություններ