ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթի շրջագայության հերթական կանգառը Երեւանն է: Այսօր հայ ֆուտբոլասերները եզակի հնարավորություն ունեն տեսնելու ֆուտբոլային աշխարհի խորհրդանիշը:
Մինչեւ 2018 թվականի աշխարհի առաջնության մեկնարկը ոսկե գավաթը ցուցադրվում է տարբեր երկրներում: Հայաստանում «Մունդիալների» գավաթը ներկայացնում է աշխարհի չեմպիոն Քրիստիան Կարամբյոն:
«Հպարտ եմ, որ Հայաստանում հենց ես եմ ներկայացնում Գավաթը: Այս տիտղոսի մասին երազում է յուրաքանչյուր ֆուտբոլիստ եւ թիմ: Տարիներ առաջ ես եւ իմ թիմակիցները Ֆրանսիայի հավաքականում դարձանք չեմպիոն եւ նվաճեցինք գավաթը: Մեր թիմում խաղում էին հայեր Յուրի Ջորկաեֆն ու Ալեն Բոգոսյանը»,- ասաց Կարամբյոն:
Ոսկե գավաթն աշխարհին ցուցադրվում է 2006 թվականից: Միջոցառման պաշտոնական գործընկերը Կոկա-կոլա ընկերությունն է:
2018 թվականի աշխարհի առաջնության գավաթի շրջագայությունը սկսվել է 2017 թ. Մոսկվայում : Մինչեւ սեպտեմբեր այն ցուցադրվել է Ռուսաստանի տարբեր քաղաքներում, որտեղից ուղղություն է վերցրել դեպի 50 երկիր: 2018 թ. շրջագայության ընթացքում Գավաթը պաշտոնապես հյուրընկալում է 24 նոր երկիր, այդ թվում Հայաստանը: