Բուդապեշտում ավարտվեց ջրային մարզաձեւերի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայանում էր ջրացատկ մրցաձեւում: Եզրափակիչ օրը մեր մարզիկները հանդես եկան 10 մետր անհատական աշտարակացատկում:
Վլադիմիր Հարությունյանը զբաղեցրեց 22-րդ տեղը, Վարտան Բայանդուրյանը` 41-րդ: Կիսաերզափակիչ անցնելու համար անհրաժեշտ էր մտնել 18 լավագույնների մեջ իսկ եզրափակչին մասնակցում էր 12 ջրացատկորդ: Հաղթող ճանաչվեց Թոմաս Դեյլին:
«Կիսաեզրափակիչ անցնելու համար Հարությունյանին չորս տեղ չբավարարեց,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը,- Վլադիմիրի մկաններն ուշ «արթնացան», արդյունքում առաջին երեք ցատկերը, հատկապես երրորդը, նա անհաջող կատարեց: Եզրափակիչ երեք ցատկերում Վլադիմիրն ակնհայտորեն ավելացրեց, բայց, ինչպես ասում են, «գնացքն, արդեն գնացել էր»:
Վարտան Բայանդուրյանը հավաքականի կազմում առաջին անգամ էր հանդես գալիս այդպիսի լուրջ մակարդակում եւ չկարողացավ հաղթահարել հոգեբանական լարվածությունը: Մարզչի խոսքով, գլխավոր նպատակը միջազգային փորձ ձեռք բերելն էր.
«Պետք է իրատես լինել, սակայն ամեն դեպքում Վարդանն ինքն իրեն նման չէր»,- նշեց մարզիչը:
Հրաչյա Չանդիրյանն իր սաների ելույթները բավարար է գնահատում.
«Աշխարհի առաջնությունից առաջ ես իմ առջեւ առավելագույն նպատակ էի դրել` եզրափակիչ մտնել սինքրոն ցատկում եւ կիսաեզրափակիչ` 10 մետր անհատական աշտարակացատկում: Առաջինը հաջողվեց, որոշակի հանգամանքներում անգամ կարող էինք զբաղեցնել ոչ թե 9-րդ, այլ 7-րդ տեղը: Նպատակի երկրորդ մասի իրականացման համար շատ քիչ բան չբավականացրեց»,- ասաց մարզիչը: