Հռոմում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Մեր մարզիկների համար արգասաբեր եղավ երկրորդ օրը, երբ թիմի հաշվին գրանցվեց երեք մեդալ:
Առաջինը մրցագորգ ելավ Գևորգ Ղարիբյանը / 60 կգ /: Նա նախնական փուլերում տպավորիչ հաղթանակներ տարավ բուլղարացի Ավգուստին Բոյանով Սպանովի /9 : 1/, ադրբեջանցի Մուրադ Բազարովի, էստոնացի Հիլարի Մայգիսալուի / երկուսին էլ ` 8 : 0 հաշվով / և մտավ եզրափակիչ: Վճռական գոտեմարտում մրցեց ու հաղթեց թուրք Քերեմ Քամալին, նվաճեց չեմպիոնի կոչումը, ոսկե մեդալը, որի շնորհիվ հայոց օրհներգի հնչյունների ներքո փողփողալով վեր խոյացավ մեր եռագույնը:
Գևորգի հաղթանակի առթիվ շնորհավորեցինք նրա անձնական մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դոցենտ Կամո Կիրակոսյանին:Հարցրինք վերջին գոտեմարտի ընթացքի մասին: << Գևորգի հաղթանակը պատահական չէր: Մինչ այս նա երկու անգամ դարձել է Եվրոպայի պատանեկանի բրոնզե մեդալակիր, երկու անգամ ` երիտասարդականի ոսկե մեդալակիր ու հիմա էլ ` մեծահասակների չեմպիոն, - ասաց Կ.Կիրակոսյանը:- Ինչ վերաբերում է վերջին մրցությանը, ասեմ, որ հանդիպումն ընթացավ տակտիկական բարդ պայքարում:Այն ապացուցեց, որ իմ սանն աչքի ընկավ արագ մտածողությամբ, ավելի ճիշտ կողմնորոշվեց և ցանկալի արդյունքի հասավ: Օրինակներով փաստեմ ասածս:Աշխարհամասի պատանեկանի և երիտասարդականի երկրորդ հաջողությունների եզրափակիչներում Գևորգի հանդիպումներն ավարտվել են համապատասխանաբար 1 : 1 և 4 : 4 հաշիվներով: Այս անգամ նույնպես գրանցվեց հավասար հաշիվ ` 5: 5: Ասեմ նաև, որ երկու ուսագոտիների վիրահատություն է տարել Գևորգը: Նրան խորհուրդ տվեցի թողնել ըմբշամարտը: Բայց համառեց և շահեց: Այս պարագայում էլ նա չսխալվեց . . . >>: