Մոտոռիալը տեխնիկական մարզաձև է և կարող է ընդգրկվել Կրակովում 2023թ․ կայանալիք եվրոպական երրորդ խաղերի ցուցադրական ծրագրում։
Հարցը քննարկել են Լեհաստանի ԱՕԿ –ի ղեկավար Անջեյ Կրասնիցկին և մոտոցիկլային սպորտի միջազգային ֆեդերացիայի / FIM / նախագահ Խորխե Վիեգասը:
Մարզաձևը շատ բարդ է և դիտարժան։ Մրցումներում նախատեսվում է օգտագործել միայն էլեկտրական մոտոցիկլներ: Մարզիկները հաղթահարում են արհեստական ու բնական դժվարին մրցուղիներ ՝ նետվելով մի խոչընդոտից մյուսը: Մրցակարգի համաձայն ոտքերը գետնին չպիտի դիպչեն:
FIM - ը արդեն դիմել է ԵՕԿ –ին ցուցադրական հրապարակ տրամադրելու խնդրանքով: Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորելու է միջազգային ֆեդերացիան, իսկ նախապատրաստությունը կիրականացնի Լեհաստանի ավտոսպորտի ասոցիացիան:
Անցյալ տարի ֆեդերացիան ՄՕԿ - ին առաջարկել էր մարզաձևի փորձարկումը ներառել << Փարիզ – 2024 >> խաղերի ծրագրում: Այնուամենայնիվ, ՄՕԿ-ը մինչ օրս որևէ ավտոմոբիլային կամ մոտոցիկլային մարզաձև չի ճանաչել:
Սեպտեմբերին եվրոպական երրորդ խաղերի կազմկոմիտեն EOC- ի հետ միասին հաստատեց մրցումների նախնական ծրագիրը: Այն ընդգրկում է նետաձգություն, սինխրոն լող, բադմինթոն, 3x3 բասկետբոլ, լողափնյա հանդբոլ, բրեյքդանս, կանոե, ակադեմիական թիավարություն, հեծանվասպորտ / լեռնային և խճուղային /, սուսերամարտ, մարմնամարզություն, ձյուդո, կարատե, ժամանակակից հնգամարտ, լեռնային վազք, ռեգբի 7, հրաձգություն, ժայռամագլցում, սեղանի թենիս, տրիաթլոն, վոլեյբոլ / դասական և լողափնյա/ , ըմբշամարտ , ծանրամարտ մարզաձևերը։
Ակնկալվում է, որ Եվրոպական խաղերում, որոշ մարզաձևերում, կխաղարկվեն նաև Եվրոպայի առաջնությունների մեդալներ ու << Փարիզ – 2024 >> օլիմպիական խաղերի ուղեգրեր: