Դաղստանի Խասավյուրտ քաղաքում հոկտեմբերի 17-18 կայացավ ազատ ոճի ըմբշամարտի միջմայրցամաքային գավաթի 7-րդ խաղարկությունը, որը 2006 թվականից փոխարինում է աշխարհի գավաթակիր Շամիլ Ումախանովի անվան հուշամրցաշարին:
3 քաշային կարգերում Հայաստանը ներկայացնում էին 8 ըմբիշ՝ Գրիգոր Գրիգորյան, Վարուժան Կաջոյան (74 կգ), Մուսա Մուրթազալիև, Շամիր Աթյան, Վահե Թամրազյան (86 կգ), Էդգար Ենոքյան, Վիկտոր Կազիշվիլի, Անդրանիկ Գալստյան (97կգ):
Հայ ազատ ոճայիններից ոչ մեկին չհաջողվեց մրցանակային տեղ զբաղեցնել: Բրոնզե մեդալին շատ մոտ էր 86 կգ քաշային կարգում հանդես եկող Շամիր Աթյանը, ով մեկնարկային բոլոր գոտեմարտերն ավարտել էր ժամանակից շուտ՝ տուշեով: Հայ ըմբիշը 1/16 եզրափակչում հաղթել էր ադրբեջանցի Մագոմեդ Աբդուխիլիկովին, 1/8-ում՝ մոլդովացի Ստեֆան Գեորգիցային, քառորդ եզրափակչում գետնել էր Կանադան ներկայացնող Թամերլան Թագզիևին: Կիսաեզրափակչում Աթյանի մրցակիցը լեզգին Դաուրեն Կուրգուլիևն էր: Հայ ըմբիշը 10:0 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցչին, ով էլ դարձավ մրցաշարի հաղթողը:
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Շամիր Աթյանը 2:11 հաշվով զիջեց ռուսաստանցի Թամերլան Ախմեդովին: