Բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում խոսել է ազգային թիմին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ:
-Տարեսկզբին, երբ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտարարեց, որ Դուք եք գլխավորելու Հայաստանի հավաքականը, նշվեց նաև, որ Դուք մեծ ցանկություն ունեք առաջնորդելու հավաքականը:
-Այո, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ինձ ընտրեց և նշանակեց Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ: Ես շատ ուրախ և հպարտ եմ, որ ինձ վստահվեց այս պաշտոնը, որի մասին միշտ երազել եմ:
- Հայտնի է, որ Դուք վերջին 20 տարիներին մարզչական գործունեություն եք ծավալել Լիբանանում: Ինչպե՞ս կբնութագրեք այդ տարիները:
-Որպես մարզիչ իմ աշխատանքը սկսել եմ 1996թ-ից Լիբանանում: Աշխատել եմ Լիբանանի երիտասարդական հավաքականի հետ, որը ձեռք է բերել Աշխարհի առաջնության ուղեգիր: Աշխատել եմ տղամարդկանց հավաքականի հետ, որը պայքարում էր Օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Մարզել եմ ՀԲԸՄ «Անդրանիկ» ակումբը: Աշխատել եմ Լիբանանի ամենահայտնի ակումբներից մեկի՝ «Ռիադի»-ի հետ (2004թ-2012թ), որը իմ աշխատած տարիներին 7 անգամ անընդմեջ դարձել է Լիբանանի չեմիոն: 2013թ-ից մինչև օրս մարզում եմ Ասիայի ամենահայտնի ակումբներից մեկը՝ «Սաժեսը»:
-Շուտով Հայաստանը հանդես է գալու Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում և պայքարելու է 1-ին տեղի համար: Որքանո՞վ է իրատեսական խնդրի լուծումը:
-Իմանալով խաղացողների որակը և կարողությունները՝ ես համոզված եմ, որ կարելի է իրականացնել մեր առջև դրված նպատակները:
-2015թ. Համահայկական խաղերը ևս մեկ անգամ փաստեցին, որ սփուռքում մեծ թվով շնորհալի հայ բասկետբոլիստներ կան: Ըստ Ձեզ, ինչպիսի՞ ներուժ ունի Հայաստանի հավաքականը:
-Համահայկական խաղերը մեզ օգնեցին բացահայտելու հայ տաղանդավոր բասկետբոլիստներին և ֆեդերացիայի քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարողացանք սփյուռքից հավաքել լավագույն հայ խաղացողներին:
- Ինչպե՞ս է հավաքականը նախապատրաստվելու Եվրոպայի առաջնությանը:
- Հունիսի 1-ից 26-ը ուսումնամարզական հավաք կանցկացնենք Երևանում, ապա կմեկնենք Մոլդովա: Մի շարք երկրների հավաքականների հրավիրել են Հայաստան՝ անցկացնելու ընկերական խաղեր, սակայն դեռ պարզ չէ, թե ովքեր են գալու: Խնդիրն այն է, որ շատ երկրներում հունիսին արձակուրդ է և մրցակից գտնելն իրոք բարդ է:
- Փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են 8 երկրներ: Ի՞նչ կարող եք ասել մրցակիցների վերաբերյալ:
- Մանրամասն ուսումնասիրում ենք յուրաքանչյուր հավաքականի և չենք պատրաստվում թերագնահատել որևէ մեկին: Մոլդովան որպես կազմակերպիչ կունենա նաև երկրպագուների աջակցությունը, ինչը նրանց որոշակի առավելություն է տալիս:
ՀԱՕԿ լրատվության բաժին