Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտերյոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքները, խոսեց «Զիկա» վիրուսի և Խաղերի համար ծախսված գումարների մասին:
Նախապատրաստական աշխատանքների մասին. «Բրազիլիայի համար մեծ պատիվ է հյուրընկալել Օլիմպիական խաղերը: Ցանկություն ունենք ցուցադրելու և ապացուցելու, որ Բրազիլիան այնքան կայացած է, որ կարող է հյուրընկալել նմանատիպ մեծագույն մարզական իրադարձություն: Օլիմպիական խաղերի առաջին քայլն արված է՝ Օլիմպիական խաղերի կրակն արդեն Բրազիլիայում է: Օլիմպիական խաղերի միջոցով մենք աշխարհին ցույց կտանք թե ով ենք մենք»:
Անվտանգության մասին. «Խաղերի ընթացոքում 47.000 քաղաքացիական ոստիկաններ կլինեն, բացի այդ մասնակիցների անվտանգությունը կապահովեն նաև ռազմական ոստիկանները: Մոտ 38.000 ռազմական ոստիկան»:
«Զիկա» վիրուսի մասին. «Այս վիրուսի պատճառով դեռևս դեպք չի պատահել, որ մարզիկները հրաժարվեն մասնակցել Օլիմպիական խաղերին: Այժմ այդ վիրուսը որպես այդպիսին վտանգ չի ներկայացնում»:
Օլիմպիական խաղերի ծախսերի մասին. «Այս Խաղերի վրա ծախսվել է 39,7 միլիարդ ռեալ, որը ԱՄՆ դոլարով կազմում է 12 միլիարդ: Այս գումարի 57 տոկոսը ներդրվել է անհատ կազմակերպությունների կողմից, իսկ 43 տոկոսը կառավարության ներդրումներն են»:
Հայ մարզիկների մասնակցության մասին. «Ես արդեն ինձ համար բացահայտել եմ այն դահլիճները, որտեղ անցկացվելու է Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարը: Վստահ եմ, հայ մարզիկները կկարողանան ոսկե մեդալներ նվաճել Օլիմպիական խաղերում»:
Լուսանկարը՝ PanPhoto
ՀԱՕԿ լրատվության բաժին