ՈԳԵՎՈՐԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

12:37 - 07 Դեկ, 2022

Քաթարն  այնքան ոգևորված է  ֆուտբոլի աշխարհի առաջնությունով, որ ցանկանում է հայտ ներկայացնել 2036թ. ամառային օլիմպիական խաղերն իր մոտ անցկացնելու համար:

Աշխարհի առաջնության հաջող անցկացումը վստահություն է հաղորդել քաթարցիներին և  նրանք  նախատեսում են իրենց մարզական հզորությունը ցուցադրել նաև   համաշխարհային սպորտի գլխավոր մարզահանդեսում:  

Ժամանակակից ու բարձրակարգ ենթակառուցվածքները բարձր են գնահատում միջազգային մարզական  կազմակերպությունները, որոնք  ճանապարհ են  հարթում  օլիմպիական խաղերի համար: 

Քաթարը ծրագրում է  ընդլայնել օդափոխության համակարգերը, որոնք արժանիորեն  գնահատվում են  այս օրերին այնտեղ ընթացող  ֆուտբոլային հանդիպումների ժամանակ:

Քաթարը  հյուրընկալել  է  Ասիական խաղերը 2006թ., իսկ 2030 –ին   կրկին կընդունի նշած միջոցառումը:

Սա կլինի Քաթարի հինգերորդ փորձը՝ օլիմպիական դառնալու համար: Հիմնական նպատակը կլինի համոզել միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝  մրցաշարը տեղափոխել ձմեռային շրջան: 

Մինչ այժմ երբեք որևէ մուսուլմանական երկրում չի անցկացվել օլիմպիական խաղեր:

Հնդկաստանը, Ինդոնեզիան և Հարավային Կորեան նույնպես հետաքրքրություն են հայտնել 2036թ. խաղերի անցկացման հարցում: 

Աթլետիկայի աշխարհի առաջնությունը  դարձյալ անցկացվել է Դոհայում ՝ 2019թ. ,  « Խալիֆա » միջազգային մարզադաշտում։ 

Հայտնի է նաև,  որ 2036թ. օլիմպիական խաղերի անցկացման իրավունքը կտրվի  նոր ընթացակարգով։ ՄՕԿ –ի ընդունող հանձնաժողովը նախ  կընտրի և գործկոմին կառաջարկի լավագույն թեկնածուին:  Այնուհետև այդ առաջարկ - հայտը քվեարկության կդրվի ՄՕԿ-ի գագաթաժողովում :

 

 

Այլ նորություններ