Միջազզգային օլիմպիական կոմիտեի դրոշը հասել է Լոս Անջելես: ԱՄն –ի այդ քաղաքը արդեն նախապատրաստվում է հաջորդ՝ 2028թ. կայանալիք 34 –րդ ամառային օլիմպիական խաղերին:
Արմավենու տերևներով և «Լոս Անջելես - 2028» պատկերանշանով զարդարված ինքնաթիռով է Փարիզից Լոս Անջելես դրոշը հասցրել քաղաքապետ Կարեն Բասը: Նրան ուղեկցել են ամերիկացի հայտնի մի խումբ մարզիկներ: Նրանց ժամանումը կալիֆորնիական է եղել. արևոտ, պայծառ, ջինջ երկինք և ջերմություն:
Դիմավորողներին քաղաքապետ Բասը ասել է, որ շատ աշխատանք ունեն կատարելու, որոնք դրական լուծում կստանան: Նա նաև նշել է, որ Լոս Անջելեսը ամերիկյան սպորտի կենտրոններից է՝ բազմաթիվ ակումբներով, թիմերով և ժամանակակից մարզակառուցներով:
Հետաքրքրասերներին տեղեկացնենք, որ մինչ այս Լոս Անջելեսը երկու անգամ ՝ 1932 թ. և 1984 թ. եղել է օլիմպիական խաղերի մայրաքաղաք: Երրորդ փորձությունը կանցկացվի 2028թ. հուլիսի 14 – 30-ը:
Համաշխարհային 34 –րդ գլխավոր մարզահանդեսի մեկնարկին մնացել է . . . 1436 օր: