ԴԺԳՈՀԵԼՈՒ ՏԵՂԻՔ ՉԵՆ ՏԱԼԻՍ

12:17 - 15 Սեպ, 2023

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամներ Գարիկ Կարապետյանը և Սամվել Գասպարյանը  Սաուդյան Արաբիայում / աշխարհի առաջնությունում /, 102 կգ քաշայինների պայքարում, զբաղեցրին չորրորդ և հինգերորդ հորիզոնականները:

Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում իր կամքին ենթարկեց 183 կգ ծանրաձողը, երկու կիլոգրամով բարելավեց իրեն պատկանող աշխարհի երիտասարդական  ռեկորդը, ճանաչվեց երկրորդը  և արժանացավ արծաթե մեդալի:  

Հրում վարժությունում Կարապետյանը գլխավերևում պահեց 210 կգ գործիքը և երկամարտի 393կգ –ով գրավեց հինգերորդ տեղը:

Դժվարին խնդիր պետք է լուծեր նաև նույն քաշային կարգում հանդես եկած Սամվել Գասպարյանը: Ասիացի մի խումբ շնորհալիներ էին հավակնում խաղարկվող մրցանակներին: Նրանց դեմ լավ պայքար մղեց գյումրեցին: Պոկում վարժությունում բարձրացրեց 178 կգ, հրումում՝ 216 կգ և երկամարտի 394 կգ արդյունքով զբաղեցրեց չորրորդ տեղը: Բայց Սամվելը իր գործը կաներ, եթե հրումում չդավաճաներ անակնկալ ձգված ոտքի մկանը: Այնուամենայնիվ նրա և այլ դրոշի տակ հանդես եկած բելառուսցի  Ցիհանցոու Յաուհենի երկամարտի ցուցանիշը հավասար են և բրոնզե պարգևը Հայաստան կգար, եթե հայորդին մրցակցից առաջ հաղթահարած լիներ միևնույն քաշը:

Զրուցեցինք հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի հետ:  Խիստ զբաղված էր, բայց հասցրեց ասել, որ  Անդրանիկ Կարապետյանը/ 89 կգ /, յոթնյակում տեղ գտած Գարիկ Կարապետյանը և Սամվել Գասպարյանը  / երկուսն էլ ՝ 102 կգ / արդեն ունեն Փարիզում հանդես գալու իրավունք: Մեր թիմից օլիմպիական դառնալուն հավակնող երրորդ մասնակիցը հայտնի կդառնա գերծանրքաշայինների պայքարից հետո, եթե, իհարկե, հաստատված մրցակարգով  առաջին յոթնյակում տեղ ունենան: Իսկ 102 կգ քաշային մեր տղաներից Փարիզի խաղեր կմեկնի նա, ով օլիմպիական խաղերի նախօրերին ավելի լավ մարզավիճակում կլինի:

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ մրցողների գրեթե կեսը, կարելի է ասել, հիասթափվում է իր մոտեցումներից. կամ ծանրաձողը չի ենթարկվում կամքին, կամ չի հասցնում տրամադրվել ու 0 է ստանում, ոմանք էլ ափերից դուրս են գալիս: Պատճառները մի քանիսն են, կլիմայավարժեցում, կազմկերպական չլուծված հարցեր և այլն: Օրինակ, մրցումներից շատ առաջ խնդրել էինք, որ մեր և հարևան երկրի թիմերը տարբեր հյուրանոցներում ապրեն: Բայց եղած հինգ հյուրանոցներից նույն հարկի տակ են տեղավորել մեր և Ադրբեջանի պատվիրակներին, որոնք թվով մեր կեսից էլ պակաս են:   

Այսօր, սեպտեմբերի 15  -ին կանանց մեր հավաքականից մրցահարթակ կելնեն  Լիանա Գյուրջյանը (81 կգ,) Հռիփսիմե Խուրշուդյանը և Տաթև Հակոբյանը ( երկուսն էլ ՝ 87 կգ): Հավելենք նաև , որ գերծանրքաշայիններ Սիմոն Մարտիրոսյանը և Վարազդատ Լալայանը պայքարի կելնեն առաջիկա կիրակի ՝ սեպտեմբերի 17 –ին:

 

Այլ նորություններ