ՈւԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024 թվականի եզրափակիչը: Այս մասին հայտնում է ՀՖՖ – ն:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի «4-ի եզրափակիչին» կմասնակցեն Իսպանիայի «Բարսելոն» - «Պալմա Ֆուտզալ» և Պորտուգալիայի «Սպորտինգ» - «Բենֆիկա» զույգերը:
Հիշեցնենք, որ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն «Պալմա Ֆուտզալի» կազմում հանդես է գալիս ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուանը, որը ճանաչվել էր Չեմպիոնների լիգայի 2023 թ. եզրափակիչ մրցաշարի լավագույն ֆուտզալիստ:
Կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 3-ին, երրորդ տեղի հանդիպումը և եզրափակիչը՝ մայիսի 5-ին:
Խաղերը տեղի կունենան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: