Օրեր առաջ հայ լեռնադահուկորդներ Աշոտ Կարապետյանը եւ Վազգեն Առաքելյանը Շվեյցարիայում մասնակցեցին աշխարհի առաջնության նախընտրական փուլին: Հայ մարզիկներին եզրափակիչ անցնել չհաջողվեց: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը նշում է, որ լեռնադահուկային սպորտում այժմ սերնդափոխություն է կատարվում: Պատանիները նոր սկսում են միջազգային ասպարեզ դուրս գալ.
«Աշխարհի առաջնությունում 137 մասնակցի մեջ մեր տղաները գրավեցին 51-րդ եւ 57-րդ հորիզոնականները: Նրանք նոր սկսում են իրենց միջազգային կարիերան: Մեծերն աստիճանաբար իրենց տեղը զիջում են: Մեր մյուս պատանին` Հարություն Հարությունյանն այդ ընթացքում մասնակցում էր Էրզրումի փառատոնին: Այս ցուցանիշը, իհարկե, մեզ չի բավարարում: Մենք լավ արդյունքներ գրանցել ենք: Հուսանք, որ օլիմպիական խաղերին կունենանք մասնակիցներ»,-նշեց Արթուր Հարությունյանը:
Փետրվարի 27-ին Ծաղկաձորում կմեկնարկի լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշար, որն օլիմպիական վարկանիշային է: Միաժամանակ կընթանա նաեւ Հայաստանի բաց առաջնությունը.
«Մեր լեռնադահուկորդների համար սա լավ հնարավորություն է` սեփական հարկի տակ օլիմպիական միավորներ վաստակելու համար: Հրավիրել ենք աշխարհի գրեթե բոլոր պետություններին: Հիմնականում մեր հարեւան երկրներն են մասնակցում: Հնարավոր է` մարզիկներ ժամանեն նաեւ Ավստրիայից եւ Ֆրանսիայից:
Հայաստանի առաջնությունից հետո մեր լեռնադահուկորդները կմեկնեն Ավստրիա: Այնտեղ կմարզվեն եւ կմասնակցեն վարկանիշային մրցաշարերի: Եթե կարողանան միավորներ հավաքել` իրավունք կստանան մասնակցել նաեւ աշխարհի գավաթի խաղարկությանը: Դահուկավազորդները մի փոքր ավելի ուշ կսկսեն իրենց մարզումները, քանի որ այժմ մասնակցում են աշխարհի առաջնությանը:
Լեռնադահուկային սպորտում շեշտը դրված է Հարություն Հարությունյանի, Աշոտ Կարապետյանի եւ Վազգեն Առաքելյանի վրա: Սակայն չենք անտեսում նաեւ մեր ավագ մարզիկներին:
Դահուկավազքում նույնպես հիմնական շեշտը տղաների վրա է դրված: Կանանցից տեսնենք, թե Կատյա Գալստյանն ինչ արդյունք կունենա աշխարհի առաջնությունում: Դահուկավազքում մի փոքր ֆինանսական խնդիրներ կան, բայց գոնե մեկ-երկու մարզիկ կմասնակցի միջազգային մրցաշարերին»,-ասաց ֆեդերացիայի նախագահը:
Արթուր Հարությունյանը հայտնեց նաեւ, որ դահուկային սպորտի ֆեդերացիաում մի քանի նոր մարզաձեւեր են ընդգրկվել` սնոուբորդ, ֆրիսթայլ եւ արագընթաց վայրէջք: Նպատակը` Հայաստանում ձմեռային մարզաձեւերի մասսայականացումն է.
«Ցանկանում ենք զարգացնել նաեւ օլիմպիական այս մարզաձեւերը: Կապի մեջ ենք արտասահմանում մեր մի քանի հայրենակիցների հետ: Եթե նրանք ցանկանան ելույթ ունենալ Հայաստանի դրոշի ներքո` սիրով կհամագործակցենք: Հայաստանում կան սնոուբորդով զբաղվողներ, բայց դեռ փոքր տարիքի են»,-եզրափակեց Արթուր Հարությունյանը: