Փարիզում եկող տարի կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգիր Հայաստանի մարզիկներից առաջինը նվաճեց հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը: Նա ջանադրաբար շարունակում է մարզումները հավաքականի կազմում:
Գլխավոր մարզիչ, բազմափորձ Սեյրան Նիկողոսյանը, ինչպես միշտ, նպատակ ունի իր սաների մարզավիճակը միջին մակարդակի վրա պահել: Դիպուկահարները նույնիսկ ուսումնամարզական հավաքների մեկնելիս պետք է անվրեպ խոցեն թիրախները:
Մեր երկրի առաջատար ինը նշանառուներ պետք է ներգրավվեն նոյեմբերի 17 –ին Լեհաստանի Բելաստոկ քաղաքում սկսվելիք ուսումնամարզական միջազգային հավաքում: Նրանք կընկերակցեն տանտերերի, Ուկրաինայի, Հնդկաստանի և էլի մի քանի երկրների ներկայացուցիչների հետ:
Հավաքի ավարտից հետո, նոյեմբերի 29 –ից մինչև դեկտեմբերի 3 –ը, մարզումների մասնակիցները կդառնան մրցակիցներ և օդամղիչ զենքերով կփորձեն միմյանց գերազանցել միջազգային մրցաշարում: Այդ ստուգատեսին կհաջորդի մերոնց մասնակցությունը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում դեկտեմբերի 8 –ին սկսվելիք միջազգային մեկ այլ մրցաշարի:
Հավաքականի գլխավոր մարզիչը նաև տեղեկացրեց, որ եկող մրցաշրջանում օլիմպիական վարկանիշային երեք մրցաշար է նախատեսված ՝ հունվար – մայիս ամիսներին: Հավանական է, որ մեր անվանի հրաձգուհի Էլմիրային Փարիզում << մենակ չեն թողնի >> թիմակիցները: