ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դեկտեմբերի 13-ին ներկա էր Երևանի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկած «Կաշվե ձեռնոց» բռնցքամարտի մրցաշարի բացման արարողությանը, որի ընթացքում ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ։
«Մեր նպատակը մարզաձևի զարգացումն է, որպեսզի յուրաքանչյուր քաշային կարգում հավասար պայքար ընթանա ոչ թե մեկ-երկու մարզիկի միջև, այլ՝ 5-6։ Այս մրցաշարի արդյունքում կընտրվեն լավագույնները, ովքեր կմասնակցեն Տոկիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին։ Մեզ համար կարևոր է, որ մարզիկը ուժեղ լինի, ոչ ազգանունն է էական, ոչ էլ այն, թե որտեղից է նա։ Նախորդ Օլիմպիական խաղերում ունեինք հինգ ուղեգիր, բայց կարևորը ոչ թե ուղեգրերի քանակն է, այլ արդյունքը և որակը: Թող լինեն 2-3 մասնակիցներ, բայց Օլիմպիական խաղերում մեդալներ ունենանք։ Ցանկացած մարզիկ, եթե նպատակ է դնում իր առջև, կարող է դառնալ չեմպիոն: Անհնարին ոչինչ չկա, քանի որ մենք բոլոր պայմանները ստեղծել ենք»,- նշել է ՀԱՕԿ նախագահը։
Հիշեցնենք, որ «Կաշվե ձեռնոց» մրցաշարի արդյունքում կձևավորվի բռնցքամարտի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի ՄՕԿ-ի կողմից անցկացվող վարկանիշային մրցումներին ու Տոկիո-2020 Օլիմպիական խաղերին: Մրցաշարին մասնակցում են 75 բռնցքամարտիկներ Երևանից ու Հայաստանի մարզերից (ֆոտոշարք)։