ՀԱՂԹԵՑԻՆ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ

17:07 - 14 Նոյ, 2022

Շվեյցարական մրցակարգով անցկացվեց Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի ունեցած շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:

Մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում գրոսմայստերական խաղ ցույց տվեց Հայաստանի ներկայացուցիչ Մարիամ Մկրտչյանը: Ինը փուլում նա վաստակեց 8, 5 միավոր և միանձնյա նվաճեց չեմպիոնի կոչումը:

Ուշագրավ է, որ երկրորդը ճանաչված ուկրաինուհի Էլիզա Գրեբենշչիկովան ամբողջ 1, 5 միավորով ետ մնաց հայ մարզուհուց:

Արժանապատիվ հայ շախմատիստուհին եվրոպական մարաթոնում ապացուցեց նաև, որ ընթացիկ մրցաշրջանում անցկացված աշխարհի պատանեկան առաջնությունում իր կազմակերպած հաղթական  << խաչակրած արշավանքը >> միանգամայն օրինաչափ է:

Հայաստանի շախմատասերները ուրախ են ու ոգևորված, որ աշխարհի ու Եվրոպայի պատանիների չեմպիոնուհին բարձր տրամադրությամբ է եզրափակում մրցաշրջանը:

Նույն՝ մինչև 18 տարեկան տղաների պայքարում Մամիկոն Ղարիբյանը վեց միավորով գրավեց երրորդ տեղը: Սա նույնպես լավ արդյունք է և հույս է ներշնչում, որ Մամիկոնը առաջիկա մրցաշարերում կզարգացնի իր հաջողությունը:

Արժե նշել, որ չեմպիոնի պատվին արժանացավ 7, 5 միավոր վաստակած մեկ այլ հայորդի ՝ Ռուդիկ Մակարյանը / ՌԴ /:

Այլ նորություններ