Կարճ ժամանակ է մնացել ձմեռային մրցաշրջանի մեկնարկին: Դրան նախապատրաստվում են մեր երկրի ձյունառատ մարզերի համապատասխան կազմակերպությունները: Այս մասին զրույցի ժամանակ հաստատեց Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պատասխանատու, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Վաչագան Վարդանյանը: Նա ասաց, որ Շիրակի մարզը իրավամբ հանդիսանում է հանրապետության ձմեռային մարզաձևերի դարբնոցը։ Տեղի դահուկորդները մարզական բարձր արդյունքներ են գրանցում հանրապետական առաջնություններում և միջազգային մրցաշարերում։
Տարբեր տարիքային խմբերի համապետական առաջնություններում, որպես կանոն, մրցանակային տեղերի առյուծի բաժինը հասնում է շիրակցի դահուկորդներին:
Մարզում մարզաձևի առաջընթացին նպաստում է մասնավորապես Գյումրու ձմեռային մարզաձևերի մասնագիտացված մարզադպրոցը, Աշոցքի մարզամշակութային կենտրոնը և Ամասիայի համալիր մարզադպրոցը։ Նրանցում ներգրավված են շուրջ 300 տղաներ և աղջիկներ:
Շիրակի մարզի, ինչպես նաև հանրապետության դահուկային սպորտի սիրահարների համար նախընտրելի վայր է դարձել Աշոցքի դահուկային կենտրոնը, որտեղ կան մարզվելու և ակտիվ հանգիստը անցկացնելու բոլոր պայմանները:
Դահուկավազքի հանրապետության հավաքականը հիմնականում համալրվում է շիրակցիներով։ Մարզի հինգ առաջատար ներկայացուցիչներ՝ Միքայել Միքայելյանը, Սպարտակ Ոսկանյանը, Կատյա Գալստյանը, Անահիտ Մարգարյանը և Ռոզա Սիմոնյանը, մարզիչներ Արթուր և Ալլա Միքայելյանների ղեկավարությամբ, ուսումնամարզական հավաքի են մասնակցում Ֆինլանդիայում, որից հետո նրանք հանդես կգան տեղում անցկացվելիք միջազգային մրցումներում։
Հավելենք, որ Վաչագան Վարդանյանը համեստորեն չտվեց միջազգային պաշտոնական խոշոր մրցաշարերում մեդալակիր դարձած մեր երկրի՝ առայժմ միակ ներկայացուցիչ, աշոցքցի Սերգեյ Միքայելյանի անունը: Նա 2017թ. հունվարին Ալմաթիում անցկացված համաշխարհային ունիվերսիադայում, 10 կմ մրցավազքում, 88 մրցակիցների պայքարում ճանաչվեց երրորդը, իր արժանի տեղը ապահովեց պատվանդանի երրորդ աստիճանին և պարգևատրվեց խաղերի բրոնզե մեդալով:
Այսօր զրուցեցինք միայն ձմեռային նոր մրցաշրջանի նախապատրաստության մասին: Բայց չմոռացանք շնորհավորել վաստակաշատ մեր զրուցակցին՝ Գվադալահարայում մեկնարկած աշխարհի երիտասարդական առաջնությունում ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանի` երեկ նվաճած ոսկե մեդալի համար: Մինչդեռ տարբեր մարզաձևերում շիրակցի մարզիկ – մարզուհիները աշխարհի տարբեր երկրներից ավանդաբար հայրենիք են վերադառնում մեդալներով: Եվ նրանց հաղթարշավը շարունակվում է . . .