Երեկվանից չեն դադարում << ուրախ զանգերը >>: Մեզ խնդրում են շնորհավորել ՀՀ 20 –րդ դարի լավագույն մարզիկ, օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին, ՀՀ սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանին, նրա օգնականներին, Ազարյանի անվան դպրոցի աշխատակազմին, մարզաձևի հանրապետական ֆեդերացիային և մարմնամարզությունը սիրող ու գնահատող մարզասերներին: Բարի ցանկությունը սիրով փոխանցում ենք ընթերցողներին, մյուսներին: Կարծում ենք առիթն արդեն հայտնի է. Անգլիայի Լիվերպուլում անցկացված աշխարհի առաջնությունում, Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը իր նախասիրած հենացատկ մրցաձևում նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:
Անթերի էր երևանցու առաջին ցատկը: Սկսած նախամեկնարկային պահից վեհացրեց նրա հանդարտ, հանգիստ պահվածքը, վագրին վայել թափավազքը, կամրջից հրման ակնթարթը, դրան հաջորդած օդային ճախրանքը, մեծ շառավղով զուգակցված պտույտները և իհարկե՝ անթերի առգետնում – մխումը: Արթուրն իրեն վայել վարպետությամբ ու հմայքով ցուցադրեց նաև երկրորդ ցատկը, որը գումարվելով առաջինին` ոսկեզօծեց հայ մարմնամարզիկին:
Հիրավի չեն մոռացվում մեծ չեմպիոնները: Հաճելի զուգադիպությամբ, նույն՝ Ալբերտ Ազարյանի մարզադպրոցի նախկին սան, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Հակոբյանի հաղթանակը վերջինն էր մարզաձևում: 1983թ. Բուդապեշտում Արթուրը աշխարհի առաջնությունում անգերազանցելի էր հենց հենացատկում, որի արժանի հետնորդը դարձավ մերօրյա անգերազանցելի երկրորդ Արթուրը ՝ Դավթյանը: Նա կարողացավ 39 –ամյա ընդմիջումից հետո ուժեղագույնի հավաստագիրն ու չեմպիոնի ոսկե մեդալը բերել Մայր Հայաստան:
Համանուն ստուգատեսում երկրորդ անգամ երրորդ մրցանակակիր հռչակվեց իր մրցաձևին անդավաճան Հարություն Մերդինյանը: Խոստովանենք, որ Լիվերպուլում նրա նվաճած << բրոնզը >> հավասարազոր է ոսկու:
Հիշենք, որ նա 38 տարեկան է, բայց անթերի կատարեց իր կոմպոզիցիան, որի ավարտից հետո անգլիացի մարզասերների փոթորկալի ծափերից դղրդաց մարզապալատը:
Եթե հայրենական սպորտի նահապետ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն և կրկնակի փոխչեմպիոն Հրանտ Շահինյանը մարզաձևում համարվում է նժույգի արքա, ապա նրա ստեղծած ավանդույթը շարունակող Հարություն Մերդինյանին կարող ենք վստահորեն անվանել նժույգի փոխարքա:
Արժանին պետք է մատուցել նաև մեր թիմից եզրափակիչ ությակ մտած օղակների վարժության հմուտ վարպետներ, առաջնության չորրորդ մրցանակակիր դարձած Արթուր Ավետիսյանին և առավել անվանի Վահագն Դավթյանին, որն այս անգամ բավարարվեց վեցերորդ մրցանակով:
Բարձր է գնահատվում նաև Գագիկ Խաչիկյանի << մարաթոնյան >> ելույթը: Նա մեր հնգյակից միակն է, ով հանդես եկավ բազմամարտում, որտեղ իր ունակությունները դրսևորեց բոլոր վեց մրցաձևերում: Փորձառու մասնագետ, վաստակավոր մարզիչ Աշոտ Գասպարյանի սանը համարձակվեց ձեռնոց նետել 143 բազմամարտիկների և ժամանակակից մարմնամարզության գերբարդագույն պահանջները կատարելով՝ գրավեց 64 –րդ տեղը: Չենք դժգոհում, հավատալով, որ Գագիկը դեռևս իրենը կանի:
Այս ամենը հրաշալի է, որի համար մեկ անգամ ևս շնորհավորում ենք հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին, որը նաև նորընծա չեմպիոնի անձնական մարզիչն է, Հարությունի անձնական մարզիչ, վաստակավոր մարզիչ Սոս Սարգսյանին, մեր թիմի հինգ անդամներին մրցահարթակ ուղեկցող Հայկ Նազարյանին, ընդհանրապես երկրի սպորտային մարմնամարզության բոլոր ներկայացուցիչներին և ակնկալում նոր հաղթանակներ: