ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԱՐԱՊՈՒՐԴԻ ՉԵՆ ՄԱՏՆՎԻ

12:07 - 19 Հուլ, 2023

<< Փարիզ -  2024 >>  oլիմպիական ավանում և մարզահամալիրներում  շրջայց է կազմակերպվել  հյուրընկալված մարզաշխարհի մարդկանց  համար:  

Հիշենք, որ Տոկիո - 2020-ի օլիմպիական  գյուղում մահճակալները պատրաստված էին  ամուր ստվարաթղթից, որով  առավելագույնի էր հասցվել  ֆինանսական  խնայողությունը: Ավանդույթը շարունակում են  նաև ֆրանսիացիները։ 

Ի տարբերություն Տոկիոյի խաղերի, այս պարագայում օլիմպիականների  համար նախատեսված սենյակներն ու մարզասրահները համեմատաբար ընդարձակ են։ 

Ավանը  կառուցվել է Սենա գետի երկայնքով և զբաղեցնում է նրա երկու ափերը։ Գետն անցնելու համար կառուցվում է հատուկ կամուրջ։ Գյուղի  ներսում միկրոավտոբուսները կշարժվեն երկու րոպեի ընդմիջումով։ Մի  հսկայական հրապարակ, որը նախկինում եղել է կինոյի տաղավար, խաղերի ընթացքում կծառայի որպես խոհանոց։

Օլիմպիական ավանը մեծ տարածք է զբաղեցնում։ Այդ պատճառով կազմկոմիտեի անդամներին կտրամադրվեն ինքնագլորներ, իսկ  հյուրերին  հեծանիվներ՝ ավելի արագ տեղ հասնելու համար։ 

Հարկ է նշել, որ <<  Փարիզ - 2024 >> -ը պատմության մեջ կմտնի որպես ամենաքիչ նորակառուցներով համալրված օլիմպիական խաղեր: Փարիզցիները այդկերպ  մշտապես կհսկեն օլիմպիական կառույցները,  դրանք կծառայեցնեն երկրին ու բնակչությանը: Իսկ ահա, օրինակ,  Աթենքի  և  Ռիոյի  մրցավայրերը պարապուրդի են մատնված:

 33 –րդ ամառային  օլիմպիական մարզահանդեսի տանտերերը կառուցել են 15 220 հոգու համար նախատեսված ջրային մարզաձևերի կենտրոն, ինչպես նաև 8000 հանդիսականի համար ծառայող մրցասպարեզ, որտեղ կանցկացվեն բադմինթոնի  և գեղարվեստական  մարմնամարզության մրցումները։ 

Բազմաթիվ ցուցահանդեսային սրահներ նույնպես կօգտագործվեն  մրցումների անցկացման համար:  

Մեկ այլ հետաքրքիր փաստ.  որոշ  մարզաձևերի մրցաշարեր  տեղի կունենան   երկու տարբեր վայրերում: Մասնավորապես  << Arena Paris Nord >>  ցուցահանդեսային հրապարակում կկազմակերպվեն բռնցքամարտի մրցումները, իսկ եզրափակիչ մենամարտերը նախատեսված են << Ռոլան Գարոս >> մարզադաշտում։ 

 

 

Այլ նորություններ