Հայաստանի ըմբշամարտի սիրահարները երեկ երեկոյան, հեռարձակման միջոցով մեծ բավականություն ստացան Եվրոպայի ազատ ըմբշամարտի՝ 61 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտից:
Մրցագորգի վրա էին մասիսցի Արսեն Հարությունյանը և բազում պաշտոնական մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր, թուրք Սուլեյման Ալթին:
Գոտեմարտի հենց սկզբից նախաձեռնությունը ստանձնեց անվախ հայորդին և նրա գործողություններից շփոթված մրցակիցը, կարծես մի սկսնակ, միավորներ էր հանձնում: Երբ լուսատախտակի վրա երևաց 15 : 3 հաշիվը, գորգի մրցավարը, ի նշան մեր ըմբիշի բացահայտ առավելության, դադարեցրեց մրցամարտը:
Մինչ << նոկաուտի >> ենթարկված Ալթինը փորձում էր սթափվել, գիտակցել տեղի ունեցածը, այդ միջոցին, Եվրոպայի արդեն կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը մոտեցավ, ողջագուրվեց գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի հետ, ապա որպես երախտապարտ աշակերտ, խնդրեց մրցագորգ բարձրանալ անձնական մարզիչ Արշակ Հայրապետյանին և մեր երկյակը հայոց եռագույնը ծածանելով հաղթական պտույտ կատարեց:
ՀՀ հավաքականը Եվրոպայի բուդապեշտյան առաջնությունում նվաճեց մեկական ոսկե / Արսեն Հարությունյան /, արծաթե / Արման Անդրեասյան / և բրոնզե / Մանվել Խնձրցյան / մեդալ:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շնորհավորում է ազատ ընբշամարտի թիմին, մարզաձևի հանրապետական ֆեդերացիային, մարզասերներին և ակնկալում նոր հաջողություններ:
Բուդապեշտի մրցագորգերը տրամադրվում են հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մասնակիցներին, որոնց պայքարը կսկվի վաղը ՝ ապրիլի մեկին:
Գլխավոր մարզիչ Էդվարդ Սահակյանը մրցագորգ կուղեցի հետևյալ ըմբիշներին. Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ), Կարապետ Չալյան (82 կգ) և Դավիթ Օվասափյան (130 կգ):
Հավատանք, որ մեր երկրորդ պատվիրակությունը հաղթական մրցելույթներով կզարգացնի ազատ ոճայինների գրանցած հաջողությունը: