ԱՐԾԱԹԵ ՎԵՐՋԱԲԱՆ

09:37 - 06 Նոյ, 2021

Բելգրադում երեկ իր մրցելույթն ավարտեց  ասպարեզում մնացած Հայաստանի հավաքականի վերջին մարզիկը՝ գերծանրքաշային Դավիթ Չալոյանը: Նա եզրափակիչում մրցեց ռուսաստանցի Մարկ Պետրովսկու հետ,  միավորներով պարտվեց, գրավեց երկրորդ տեղը և պարգևատրվեց բռնցքամարտի  աշխարհի փոխչեմպիոնի  արծաթե մեդալով:

Սա մեծ նվաճում է գյումրեցու  համար և այդ առթիվ շնորհավորում ենք նրան:

Առաջնությունը ցույց տվեց, որ թաքնված տաղանդ է Դավիթը: Թեև նա  արդեն 24 տարեկան է, բայց  մարզական կենսագրությունը հարուստ չէ: Ընդամենը 1 - 2 ամիս առաջ ունեցավ իր միջազգային մրցելույթը  Մոսկվայում անցկացված  բանակային մարզիկների աշխարհի առաջնությունում: Եվ նա, ինչպես ասում են, նավից պարահանդես մտավ ու դարձավ երրորդ մրցանակակիր: Այսքանը և ուրիշ ոչինչ / նկատի չունենք Դավթի մասնակցությամբ  մեր երկրի ներքին մրցաշարերը /:

Աշխարհի նորաթուխ մեր փոխչեմպիոնի մրցափորձի պակասը ցույց տվեց բելգրադյան  եզրափակիչը: Մեզ իրավունք չենք վերապահում խոսել մասնագիտական հարցերի շուրջ, բայց շատ էինք ցանկանում, որ գյումրեցին օգտվեր իր բարձր հասակից, հրաշալի աշխատող երկար թև - ձեռքերից ու կարողանար մենամարտը կառուցել հեռու տարածության վրա, մրցակցին զրկեր մերձամարտի բռնվելու հնարավորությունից: Այդ դեպքում երևի թե դեռևս  առաջին ռաունդում հոնքի վնասվածք չստանար,  <<  չկոտրվեր >>  ու ցանկալիին հասներ: Եվ սակայն Դավիթը տղամարդավայել  պահվածք դրսևորեց ու մենամարտի ավարտից հետո չմոռացավ շնորհավորել մրցակցին:

Այսպիսով, Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականը աշխարհի առաջնությունում վաստակեց մեկական արծաթե և բրոնզե մեդալ, որը նման խոշոր ստուգատեսում  նվաճում է  և վկայում է   հավաքականի և մարզիկների  անձնական մարզիչների նպատակային աշխատանքի մասին:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մարզասերների անունից շնորհավորում է մրցանակակիրներին ու ակնկալում նոր հաղթանակներ:

 

 

 

Այլ նորություններ