Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեծ շուքով նշվեց Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի հիմնադրման 25-ամյակը: Տոնական միջացառմանը ներկա էին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱՕԿԱ-ի նախագահ շեյխ Ահմեդ Ալ-Ֆահադ Ալ-Սաբահը և ԵՕԿ նախագահ Պատրիկ Հիկեն:
«Հարգելի ներկաներ, մարզաշխարհի սիրելի ներկայացուցիչներ. Այսօր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն բոլորում է գործունեության 25-ամյակը: Սա նշանակալի ու կարևոր իրադարձություն է ամբողջ մարզաշխարհի համար: Ազգային օլիմպիական կոմիտեի համար այս 25 տարին եղել է կազմավորման, խնդիրների հաղթահարման, զարգացման ուղիների մշակման, ձեռքբերումների և հաղթանակների շրջան: Իհարկե, մենք ունեինք շատ խնդիրներ: Սակայն եթե կա կամք՝ խնդիրները լուծելու, ապա հնարավոր է ժամանակի ընթացքում հասնել ձեռքբերումների: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ես ղեկավարում եմ 2004 թվականի փետրվար ամսից: Որպես ՀԱՕԿ նախագահ՝ ես իմ աշխատանքները սկսել եմ մարզադպրոցների կառուցումից, վերանորոգումից ու բարեկարգումից: Ես քաջ գիտակցում էի, որ առանց բարվոք մարզումային պայմանների ապահովման չեմ կարող արդյունքներ պահանջել մարզիկներից: Կատարված աշխատանքները տվեցին իրենց արդյունքները: Այս տարիների ընթացքում մենք մասնակցել ենք օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի տարբեր առաջնությունների և բազմաթիվ անգամներ միջազգային ամենահեղինակավոր մրցահարթակներում հնչել է հայոց օրհներգն ու բարձրացել է եռագույնը: Դա կատարված ահռելի աշխատանքի արդյունքն ու մեր հպարտությունն է: Դա թիմային աշխատանքի արդյունք է, և ես այսօր շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իմ կողքին, ինձ հետ գիշեր-ցերեկ աշխատել են ընդհանուր հաջողության համար: Սակայն կատարված աշխատանքով ու ձեռքբերումներով ես երբեք չեմ սահմանափակվել: Դրա վկայությունն այսօր բացված օլիմպիական ավանն է, որը նմանը չունի ամբողջ տարածաշրջանում: Գիտեք որ նոր օլիմպիական ավանում ստեղծված են մարզական ղեկավարության, մարզիկների, ուսումնամարզական հավաքների մասնակիցների համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Սակայն ես չեմ սահմանափակվում միայն քաղաքամայր Երևանում մարզական կառույցների շինարարությամբ: Այսօր էլ Սիսիանում և Գյումրիում մեծ մարզադպրոցներ են կառուցվում, որտեղ շատ շուտով մարզվելու հնարավորություն կունենան մեր մարզիկները: Իհարկե կարելի է երկար խոսել կատարված աշխատանքների մասին, սակայն կարծում եմ լավագույն ապացույցը կլինի մեր մարզիկների հաղթանակը տարբեր հեղինակավոր հարթակներում: Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ղեկավարել են Օլիմպիական կոմիտեն մինչև ինձ. Նրանք բոլորն իրենց մեծ ավանդն ունեն հայրենական սպորտի զարգացման գործում: Ինչ եմ արել ես՝ թող դատի մեր ժողովուրդը և պատմությունը: Մեկ բան կարող եմ խոստանալ՝ այսուհետ անելու եմ ավելին: Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս՝ մեր երիտասարդ օլիմպիական կոմիտեի հոբելյանի կապակցությամբ, մաղթում եմ, որ այս տարիքը լինի նոր ձեռքբերումների ու նվաճումների սկիզբ: Շնորհավոր և Աստված պահապան մեզ բոլորիս»,-ասաց ՀԱՕԿ նախագահ:
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած ծառայությանների՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շքանշանով պարգևատրվեցին Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը (25-րդ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր), Արտաշես Նազարյանը (ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար), Արմեն Գաբրիելյանը (Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տնօրեն): ՀԱՕԿ «Հրանտ Շահինյան»-ի անվան մեդալով պարգևատրվեց Շուշանիկ Հարությունյանը (ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գլխավոր մասնագետ), Սամվել Գևորգյանը (Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ), Կարեն Գիլոյանը (Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան), Արայիկ Բաղդադյանը (Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ) և ՀԱՕԿ «Տրդատ 3-րդ Արշակունի» մեդալով պարգևարվեցին Կարեն Մնացականյանը (ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն):
Հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Շնորհավորելով ներկաներին ՀԱՕԿ-ի 25-ամյա հոբելյանի առթիվ՝ վարչապետ Աբրահամյանը նշել է. «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի քառորդդարյա տարեդարձը, իրավամբ, նշանակալի իրադարձություն է հայաստանյան մարզաշխարհի համար: Իր գործունեությունը սկսելով դեռևս անցած դարի դժվարին 90-ականներին՝ ՀԱՕԿ-ը հետզհետե զարգացել և կայացել է՝ վերածվելով հզոր կառույցի: Ինչի վկայությունն էր նաև այսօր բացված նորակառույց շքեղ օլիմպիական ավանը՝ հարմարավետ մարզադաշտերով և արդիական մարզագույքով հագեցած մարզասրահներով: Մշտապես լինելով օլիմպիական շարժման գաղափարների՝ համերաշխության, հանդուրժողականության և արդար խաղի սկզբունքների ջատագովն ու քարոզողը՝ ՀԱՕԿ-ը այս ամենին հասնելու համար երկար ճանապարհ է անցել: Մեր մարզիկներին բազմիցս է հաջողվել աշխարհի տարբեր ծայրերում միջազգային հեղինակավոր մրցաշարերի ժամանակ հնչեցնել մեր երկրի ազգային օրհներգը: Փա՛ռք ու պատի՛վ նրանց՝ հայ ժողովրդի արժանավոր զավակներին: Մեր մարզական պատմության ընթացքում ունեցել ենք 13 օլիմպիական չեմպիոն: Վստահ եմ, որ հաջորդ տարի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերից մեր մարզիկները կվերադառնան նորանոր հաղթանակներով, որոնց գրավականը աշխարհի առաջնություններում և այլ մրցաշարերում նրանց հաջող ելույթներն են: Մենք հավատում ենք նրանց և հաջողություն մաղթում»,-ասել է վարչապետը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար Երախտագիտության մեդալով են պարգևատրվել՝ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը, Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ Վաղինակ Գալստյանը: Պարգևները հանձնել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահն իր հատուկ մրցանակին արժանացրեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանին:
Հանդիսավոր նիստից հետո ՀԱՕԿ 25-ամյակի տոնակատարությունը շարունակվեց «Պարավոն» ռեստորանային համալիրում, որտեղ Գագիկ Ծառուկյանն իր նվերները հանձնեց ԱՕԿԱ նախագահ շեյխ Ալ-Սաբահին և ԵՕԿ նախագահ Պատրիկ Հիկեին և փոխադարձաբար նվեր ստացավ հրավիրված բոլոր պատվիրակություններից: