Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շարունակում է աջակցել հավաքականներին և առանձին մարզիկներին: Տոկիոյի խաղերում հաջողության հասնելու նպատակով, ՀԱՕԿ –ը, սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանի համար, 21 –օրյա ուսումնամարզական հավաք է կազմակերպում Վրաստանի մայրաքաղաքում:
-Ինչպես միշտ, այս անգամ էլ ՀԱՕԿ – ի նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանը ընդառաջեց մեզ ու մեր նշած բոլոր հարցերին լիակատար լուծում տվեց, - զրույցի ժամանակ ասաց սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը: - Թբիլիսիում մարզումային պայմանները գերազանց են և նպատակ ունենք որոշակիորեն բարդացնել Տոկիոյի խաղերում մեր երկրի միակ մասնակից Արթուր Դավթյանի ծրագիրը՝ հենացատկում և նժույգթափում: Եթե խաղեր ենք մեկնում, ուրեմն պետք է պայքարենք հաջողության հասնելու համար: Իհարկե դժվարին խնդիր ենք դրել մեր առջև ու ցանկանում ենք դրական լուծում տալ: Քանի որ ես ընդգրկված եմ խաղերի մրցավարական հանձնախմբում, ուստի մեզ հետ հավաքի կմասնակցի նաև մարզիչ Հայկ Նազարյանը: Նա նաև Տոկիոյում մրցաբեմ կուղեկցի Արթուրին:
Տեղեկացանք, որ նշված եռյակից բացի, թբիլիսյան մարզումներին կմասնակցեն նաև բազմափորձ մասնագետ Աշոտ Գասպարյանը, խոստումնալից մարմնամարզիկներ Արթուր Ավետիսյանը,Գագիկ խաչիկյանը, Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը:
Մեր պատվիրակությունը նախապատրաստական հավաքի կմեկնի հունիսի 20 –ին: Հայրենիք վերադառնալուց հետո, մինչ Ճապոնիա մեկնելը, պարապմունքները կշարունակվեն Ազարյանի անվան մարզադպրոցում: