Ֆինլանդիայի Իմատրա քաղաքում անցկացվեց դահուկային սպորտի միջազգային մրցաշար: Հայտավորվածների թվում էր նաև մեր երկրի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը: Աշոցքցի 19-ամյա մարզիկը գերազանցեց սպասելիքները:Նա 10 կմ դասական ոճի մրցավազքում, մինչև 20 տարեկանների պայքարում, գրավեց երրորդ տեղը: Միքայելը հաջողությունը զարգացրեց 15 կմ ազատ ոճի դահուկավազքում: Շնորհալի մարզիկը ընդհանուր պայքարում ճանաչվեց երրորդը ,իսկ մինչև 20 տարեկանների մրցավեճում հավասարը չունեցավ, տարածությունն անցավ 36.30,9 ժամանակում,գրավեց առաջին տեղը և կանգնեց պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին: Սա Ֆինլանդիայում Միքայելի մասնակցությամբ չորրորդ միջազգային մրցաշարն էր: Ուրախալի է, որ բոլոր մրցումներում նա լավ արդյունքներ ցույց տվեց: Նշանակում է մրցումներին նախորդած ուսումնամարզական հավաքները նպատակին են ծառայել, որի արդյունքում Միքայելը աչքի ընկավ կայուն և հուսալի ելույթներով:
ՀԱՕԿ լրատվական բաժին