Դիտարժան գոտեմարտեր շատ եղան Արտաշատի՝ Ռազմիկ Գոլեցյանի անվան մարզադրոցում անցկացված Հայաստանի ազատ ըմբշամարտի առաջնությունում: Մրցագորգ ելած ավելի քան 70 մարզիկների թվում զգալի տոկոս կազմեցին նաև բարձր քաշայինները: Օրինակ, գերծանր քաշային կարգում հայտավորված էր յոթ ըմբիշ:
Լարված մրցակցությունում առաջին տեղը գրավեցին և ՀՀ չեմպիոնի կոչումը նվաճեցին Մանվել Խնձրցյանը / 57 կգ /, Մեժլում Մեժլումյանը / 61 կգ /, Անդրանիկ Ավետիսյանը / 65 կգ /, Գևորգ Մխեյանը / 70 կգ / , Հայկ Պապիկյանը / 74 կգ /, Արման Ավագյանը / 79 կգ /, Ռազմիկ Եփրեմյանը / 86 կգ /, Իգոր Սարկիսյանը / 92 կգ /, Գուրգեն Սիմոնյանը / 97 կգ / և Մարտին Սիմոնյանը / 125 կգ /:
Հավաքականի մարզչական խորհրդի որոշումով առաջնությանը չմասնակցեցին թիմի առաջատարներից Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը, որոնք արդեն նվաճել են Փարիզի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք:
Մարզիչները զրույցներում ասացին, որ երկրի գլխավոր թիմը հուսալի հերթափոխ ունի: Սա վկայում է, որ տեղերում արդյունավետ աշխատանք են կատարում մարզիչները:
Այսօր մայրաքաղաքի << Դինամոյում >> սկսվեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: