ՈՒԺԵՐԻ ԱՆՄՆԱՑՈՐԴ ՆՎԻՐՈՒՄՈՎ

10:47 - 27 Մար, 2023

Մեր երկրի հազարավոր ֆուտբոլասերների օրինակով, մենք էլ ենք շնորհակալ ՀՀ  հավաքականի նոր գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին և նրա բոլոր սաներին:

Տանտերերը,  հիրավի,  խաղացին անմնացորդ նվիրումով, ցուցադրեցին իրենց ամբողջ ունակությունները և պայքարեցին մինչև վերջ: Հասկանալի է, որ խոսքը վերաբերում է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական  ստադիոնում, Եվրոպայի առաջնության ընտրական փուլի ծրագրով,   անցած շաբաթ օրը տեղի ունեցած Հայաստան – Թուրքիա հանդիպմանը:

Մեր ֆուտբոլիստների նվիրական գործողությունները մեզ էլ ոգևորեցին,  հայրենասիրության  օրինակ հանդիսացան ու հետայսու, եթե երբեմն նույնիսկ պարտվեն, չենք դժգոհի, միայն թե  նման խաղով առանձնանան:

Մեր մարզիկները մրցակցին պարտվեցին 1 : 2 հաշվով: Ենթադրում ենք, դաշտի տերերը միավոր կվաստակեին, եթե նրանց ընդհանուր ֆիզպատրաստականությունը, մեղմ ասած,  ավելին լիներ: Այդուհանդերձ կրկնենք, որ մեր բոլոր վարպետները անմնացորդ ուժով ու անձնուրաց խաղով գոհացրին մարզասերներին:

Հիշենք, որ ցանկացած հավաքականի գլխավոր մարզիչ  մրցամարտերից ընդամենը մի քանի օր առաջ է իրարու հավաքում ֆուտբոլիստներին, ու կարճ ժամանակահատվածում անհնար է բարելավել այս կամ այն խաղացողի ֆիզիկական որակները:Նման պարագայում մարզչի համար գլխավորը տակտիկական խնդիրներն են , դրանց ճիշտ լուծում տալը:

Վաղը, մարտի 28-ին, Հայաստանի հավաքականը հանրապետական մարզադաշտում,   ընկերական խաղ կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ:

Սկիզբըը՝ ժամը 19:00-ին:

Այլ նորություններ