ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ԿՏՐՎԻ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՄԵԿՆԱՐԿԸ

11:37 - 31 Հուն, 2023

Մայրաքաղաքի   << Դինամո >> մարզադահլիճում  երեկ տեղի ունեցավ ՀՀ բռնցքամարտի առաջնության վիճակահանությունը:

Մրցաշարին հայտավորված է  13 –ական քաշային կարգերի  95  մարզիկ և 14 մարզուհի: Այսօր կկայանա տղամարդկանց 16 զույգի հանդիպում: Նրանք  ներկայացնում են 54 կգ, 67 կգ, 71 կգ  և 80կգ  քաշային կարգերը:

Հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ  Կարեն Աղամալյանը ասաց, որ առաջնության արդյունքներով կկազմվի հավաքական, որը կմասնակցի  Սոֆիայում, փետրվարի 19 –ին  մեկնարկելիք << Ստրանջայի գավաթ >>  անվանումով  միջազգային ավանդական բարձրակարգ մրցաշարին: Այնուհետև կաշվե ձեռնոցի մեր վարպետները կմեկնեն Սերբիա՝  մասնակցելու մեկ այլ ավանդական բարձրակարգ մրցաշարի: Այն կմեկնարկի  մարտի 2 –ին  և կրում է << Բելգրադի ազատագրման գավաթ >> անունը:

 Այդ ստուգատեսներում կորոշվեն այն արժանիները, ովքեր մեր երկրի մարզական պատիվը պետք է պաշտպանեն մայիսի 1 – 15 –ը  Տաշքենդում  նախատեսված աշխարհի առաջնությունում:

ՀՀ առաջնության արդյունքները մեծ նշանակություն ունեն նաև կանանց հավաքականի ընտրության հարցում: Նրանց առաջին մրցելույթը  <<  Դինամոյում  >>  կլինի փետրվարի 2 –ին: Գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը փետրվարի 7 –ին ուսումանամարզական հավաք կսկսի հանրապետական մրցաշարում  աչքի ընկնող մարզուհիների  մասնակցությամբ:  Օլիմպավանում  նրանք կպարապեն  մինչև փետրվարի 23 –ը: Այնուհետև երկօրյա հանգիստ կանցկացնեն տանը և 12 մարզուհիները կրկին  իրարու կհավաքվեն  մայրաքաղաքի Օլիմպավանում: Այս փուլում Ռ. Մեհրաբյանը նպատակ ունի բարելավել, հղկել սանուհիների տեխնիկատակտիկական ունակությունները: Թիմի անդամները մեծ ցանկություն ունեն մարտական տրամադրությամբ մեկնել Հնդկաստանի Դելի, որտեղ մարտի 15 –ին կսկսվի աշխարհի առաջնությունը: Նախատեսվում է մրցավայր ուղեկցել վեց մարզուհու:

Հարկ է նշել, որ տղամարդկանց և կանանց աշխարհի առաջնություններում  չեն վիճարկվելու  Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգրեր:  Փոխարենը  արտոնագրեր կխաղարկվեն Լեհաստանում հունիսին անցկացվելիք  Եվրոպայի ամառային մարզական  երրորդ խաղերում:

 

Այլ նորություններ