ՀԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՍԻ ՍՏՈՒԳԱՏԵՍՆԵՐՈՒՄ

11:27 - 24 Հոկ, 2022

Անցած հանգստյան օրերին Հայաստանի ներկայացուցիչները հաջող մրցելույթներ ունեցան միջազգային պաշտոնական մրցաշարերում: Խոսքը վերաբերում է Եվրոպայի կանանց բռնցքամարտի առաջնությանը, մինչև 23 տարեկան ազատ ոճի ըմբիշների և ծանրորդների  հաջողություններին:

Երկաթախաղի մեր պատվիրակները Ալբանիայի Դյուրես քաղաքում շարունակում են իրենց մրցելույթները, որոնց արդյունքում արդեն վեց ոսկե մեդալ  ունենք: Այդուհանդերձ, նրանց ընդհանուր  ցուցանիշին կանդրադառնանք մրցավարտից հետո:

ԱՌԱՋԻՆ ՉԵՄՊԻՈՆՈՒՀԻՆ

Եվրոպայի բռնցքամարտի առաջնություններում Հայաստանցի բազմաթիվ մարզիկներ են դարձել չեմպիոն և մրցանակակիր: Բայց կանանց ստուգատեսներում ոսկե մեդալակիր  չենք ունեցել: Այդ բացը լրացրեց Անի  Հովսեփյանը / 70 կգ /:

Խորհրդային Միության վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորած կանանց հավաքականի կազմում Անին  գերազանց քննություն բռնեց Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացված Հին աշխարհամասի առաջնությունում: Վաստակավոր մարզիչ Համլետ Սարգսյանի անձնական սանուհին հաջողությամբ հաղթահարեց նախնական փուլերի արգելքները: Իհարկե, սկզբունքային մենամարտեր եղան: Այնուամենայնիվ պետք  է առանձնացնել կիսաեզրափակիչը: Այդ փուլում հայտնված քառյակի կազմում էր նաև տանտիրուհիներից Թամարա Ռադունովիչը: Հասկանալի է, որ հայ մարզուհուն արտասովոր դժվարին առաջադրանք էր տրված. պետք էր մեծ առավելությամբ հաղթել մրցակցուհուն, որպեսզի հայտնվեր եզրափակիչում: Եվ մեր ներկայացուցիչը պատվով կատարեց իր գործը:Այդ մասին է հուշում նաև գրանցված հաշիվը ՝ 5 : 0:

Հապա վճռական փուլի մրցակիցը . . . Նա իռլանդուհի հեղինակավոր Քրիստինա Դեսմոնդն էր: Նրանց միջև ծավալված պայքարը իսկապես չափազանց լարված էր: Նման պարագայում Անին բացահայտեց հայուհուն բնորոշ բացառիկ՝ անկոտրում կամք, հաղթանակի հասնելու մեծ ձգտում և մինչ վերջին ակնթարթը պայքարելու աննահանջ մղում: Մեր մարզուհին իրենը արեց. խոշոր ՝ 4 : 1 հաշվով հաղթեց, նվաճեց Եվրոպայի չեմպիոնուհու կոչումը, ոսկե մեդալը և նրա պատվին մարզապալատում, հայոց օրհներգի հնչյունների ուղեկցությամբ, վեր խոյացավ մեր եռագույնը:

Գովեստի են արժանի նաև Եկատերինա Սիչևան / 54 կգ / և Սոնա Հարությունյանը / 63 կգ /: Նրանք նույնպես տպավորիչ մենամարտեր անցկացրին, գրավեցին երրորդ տեղը և Հայաստան  կվերադառնան բրոնզե մեդալով:

Մեր թիմի մյուս չորս անդամները նույնպես բովանդակալից մենամարտեր անցկացրին, 1 – 2 հաղթանակներ իրենց օգտին գրանցեցին և սեփական  ուժերի նկատմամբ հավատը ամրապնդեցին:

Շնորհավորում ենք գլխավոր մարզիչ, բազմափորձ  Ռաֆայել Մեհրաբյանին, նրա օգնական, էջմիածինցի Հակոբ Մելքոնյանին, մրցողների անձնական մարզիչներին, մարզաձևի հայկական ֆեդերացիային և ակնկալում նոր հաջողություններ:

Այլ նորություններ