Մարզիկի համար չափազանց դժվար է տևական ընդմիջումից հետո ելնել ասպարեզ, հաղթել, և դեռ ավելին՝ դառնալ չեմպիոն: Այդ անելը կարող են միայն իրական չեմպիոնները, ովքեր ի վերուստ արժանի են այդ կոչմանը:Այդպիսին է մեր անվանի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը / 97 կգ /:
Վնասվածքները հետապնդում են գյումրեցի վարպետին: Տպավորությունն այնպիսին է, որ հունահռոմեական ոճի ըմբիշը ժամանակ չի ունենում լիովին ապաքինվել ու կատարյալ առողջությամբ ելնել մրցագորգ:Այս անգամ ուսագոտու մկանախմբերի հետ խնդիր կար: Եվ սակայն, Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված աշխարհի առաջնությունում, Արթուրը նվաճեց չեմպիոնի կոչումը և արդեն չորրորդ անգամ դարձավ ոսկե դափնեկիր:
Հաղթանակի ճանապարհին նա գետնեց հաջորդաբար թուրք Մեթեհան Բասարին, ղըրղզ Բեկսուլթան Մախմուդովին, իրանցի Մոհամադհադ Աբդուլահ Սարավին և եզրափակիչում ՝ բուլղարացի Կիրիլ Միլովին:Նրանք տիտղոսակիր հեղինակություններ են, որոնց նկատմամբ հայ վարպետի հաղթանակները ավելի քան համոզիչ էին:
Հաջողության գործում անուրանալի են ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի, մեկական ոսկե և բրոնզե մեդալ նվաճած մեր հավաքականի մարզիչների կատարած նպատակասլաց աշխատանքը:
Շնորհավորում ենք Արթուր Ալեքսանյանին, Մալխաս Ամոյանին և նրանցից հաղթանակ ակնկալում Փարիզի օլիմպիական խաղերում: