ԹԱԵՔՎՈՆԴՈՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

16:57 - 05 Սեպ, 2022

Սեպտեմբերի 4-ը  սպորտային տոնացույցով  նշվում է որպես թաեքվոնդոյի միջազգային օր։ 

1994թ.  այդ օրը  միջազգային օլիմպիական կոմիտեն Փարիզում հրավիրված նիստում  ճանաչեց թաեքվոնդո  մարզաձևը  և  ընդգրկեց ամառային  օլիմպիական խաղերի ծրագրում: Նորամուտը տեղի ունեցավ 2000թ. Սիդնեյի օլիմպիական խաղերում:  

Թաեքվանդոն կորեական մարտարվեստ է։ Առանձնահատկությունը ոտքերի ակտիվ  գործողություններն են մարտերում՝ գրոհների և պաշտպանության ընթացքում:  

1990թ.  Հարավային Կորեայի հետ  ԽՍՀՄ –ի քաղաքական հարաբերությունները բարելավվեցին և նույն թվականին պայմանավորվածություն ձեռք բերվեց ցուցադրական ելույթներ և սեմինարներ անցկացնել  համամիութենական  մի քանի հանրապետությունների տարածքում։ 

1973 թվականին է հիմնադրվել  թաեքվոնդոյի Համաշխարհային Ֆեդերացիան, մարզաձև, որը  ծագել է ավելի քան 200 տարի առաջ`  Կորեայում,  երբ ծնվել են  ասիական մարտարվեստները: 

Մարզաձևը առողջ մարդկանց համար է: Ինչպես մյուս մարտարվեստները, թաեքվոնդոն օգնում է իր հետևորդներին կենտրոնանալու ունակության  զարգացմանը և բարենպաստ ազդեցություն է ունենում նրանց ֆիզիկական և մտավոր առողջության վրա: 

Թաեքվոնդոյով զբաղվողներն ավելի արագ են արձագանքում վտանգավոր իրավիճակներին և կարողանում են պաշտպանել իրենց և մյուսներին:

Նրանք ունեն այնպիսի բարոյական սկզբունքներ, ինչպիսիք են քաղաքավարությունը, ազնվությունը, դիտողականությունը, ինքնատիրապետումը և անխորտակելի կամքը:

Մարզաձևը Հայաստանում  1988թ. հիմնադրել և տարածել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանող, Մարոկկոյի քաղաքացի   Էլ  Արաբի Ռաշիդը: Նա սև գոտու երրորդ դանի վարպետ էր:

Հայաստանում  թաեքվոնդոյի ֆեդերացիան հիմնադրվել է 1992թ. Վարուժան Արշակյանի և Միշա Գալստյանի նախաձեռնությամբ: Նույն տարում Երևանի պետկրկեսում տեղի է  ունեցել  թաեքվոնդոյի համապետական անդրանիկ առաջնությունը:

Հիշենք, որ  Էլ  Արաբի Ռաշիդի երևանյան  խմբում պարապողների թվում էր  Արսեն Ավետիսյանը: Նա Ռաշիդի սաներից առաջինը Էջմիածնի Ոսկեհատ գյուղում  1989թ, գարնանը ստեղծեց թաեքվոնդոյի խմբակ: Արսենի անձնական  սաներից էր նաև Արման Երեմյանը, որը 2008թ. Հռոմում  նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Արմանը նաև համաշխարհային ունիվերսիադաների եռակի մրցանակակիր է և մարզաձևում հայաստանցի միակ ներկայացուցիչը, ով  Լոնդոնի օլիմպիական խաղերի  / 2012թ. /  մասնակիցն էր  և ՀՀ  պատվիրակության դրոշակակիրը:

 

 

Այլ նորություններ