Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ( IWF ) հատուկ համաժողովը: Օրակարգում գլխավոր հարցը ընտրություններն էին:
IWF-ի նախագահի պաշտոնի համար հայտ ներկայացրած 12 թեկնածուներից տասը քվեարկությունից առաջ հանել էին իրենց թեկնածությունը։ Պայքարն ընթացել է Իրաքի ներկայացուցիչ Մուհամմեդ Ջալուդի, ով մինչ այդ զբաղեցնում էր գլխավոր քարտուղարի պաշտոնը, և քաթարցի Յուսեֆ ալ Մանանի միջև։
Նախագահ է ընտրվել Մուհամեդ Ջալուդը, որը ծանրամարտում մեծ փորձ և հեղինակություն ունի:
Նորանշանակ նախագահը շնորհակալություն է հայտնել ծանրամարտի ընտանիքին և նախագահի պաշտոնակատար դոկտոր Մայքլ Իրանիին՝ կատարած աշխատանքի համար: Ջալուդը նաև նշել է , որ դեռ շատ գործ կա անելու կազմակերպությունը ուժեղացնելու և ավելի ամրապնդելու համար:
Գլխավոր քարտուղարի պաշտոնը վստահվել է պերուացի Խոսե Կառլոս Կինյոնես Գոնսալեսին: Փոխնախագահներ են ընտրվել Ուրսուլա Պապանդրեան (ԱՄՆ), Պիտեր Կրոլը (Չեխիա), Պիրոս Դիմասը (Հունաստան), Դորիս Մարերո Տրավիեսոնը (Վենեսուելա) և Ատիլա Տամաշ Ադամֆին (Հունգարիա):
Համաժողովի աշխատանքներին մասնակցել է նաև ծանրամարտի հայկական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Նա ասաց, որ կոնգրեսի ընթացքը եղել է լարված, քանզի մասնակիցները բաժանված են եղել երկու բևեռի:
Հաշվիչ հանձնաժողովի գործը ղեկավարել է ՄՕԿ –ի դիտորդական հատուկ հանձնաժողովը:
Վերջում լսվել է ՄՕԿ –ի հանձնարարականը, ըստ որի, պետք է կատարվեն նախօրոք հայտարարված բոլոր պահանջները , որպեսզի մարզաձևն իր տեղն ամրապնդի օլիմպիական ընտանիքում: