Վանաձորում մարզական եռօրյա տոն դարձավ ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի գավաթի միջազգային պատանեկան խաղարկությունը: Չորս թիմերի մրցավեճում տեղերը բաշխվեցին հետևյալ հաջորդականությամբ. ՌԴ Ռոստովի մարզ / վեց միավոր /, Երևանի հավաքական / երեք միավոր /, ՀՀ պատանեկան հավաքական / երկու միավոր / և Վանաձորի հավաքական / մեկ միավոր /:
-Նախապես հայտ ներկայացրած Թբիլիսիի թիմը չներկայացավ մրցաշարին: Ինչ վերաբերում է մասնակիցների ընդհանուր պատրաստականությանը, ասեմ , որ այդ մասին ճիշտ պատկերը ցույց է տալիս աղյուսակը, - ասաց ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի նախագահ, անցյալի նշանավոր վարպետ Հարություն Մելքոնյանը: - Արժե նշել, որ ռոստովցի պատանիները տարեկան մասնակցում են 55 – 60 խաղերի: Մեր պարագայում այդ թիվը հասնում է 5 – 6 –ի: Իհարկե այս մրցաշարի շնորհիվ մերոնք երեք խաղով հարստացրին իրենց մրցափորձը . . .
Եռյակում տեղ գտածները պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով և հավաստագրերով: Հատուկ պարգևների արժանացավ հաղթողի պատվին արժանացած թիմի լավագույն ներկայացուցիչը:
Խորհրդանշական հավաքականի յոթնյակում տեղ գտան Ռոստովի երեք, Երևանի երկու և պատանեկան ու Վանաձորի թիմերի մեկական պատվիրակներ: