Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Սերգեյ Հակոբյանին ու Պետրոս Անանյանին: Նրանք թեև բնակվում են արտերկրում, բայց իրենց հաղթանակներով բարձր են պահում հայի անունը: Հանդիպման ընթացքում հայրենական սպորտի ղեկավարն ընդգծել է, որ պատրաստ է ցանկացած հարցում օգնել բռնցքամարտիկներին, որպեսզի նրանք հասնեն նոր հաջողությունների:
- Լավ կանեք, եթե Երևանում եղած ժամանակ, կարողանաք համատեղ մարզումներ անցկացնել Հայաստանի բռնցքամարտի հավաքականի հետ: Անպայման ձեզանից վերցնելու շատ բան կունենան տղաները, հատկապես ` թիմի նորեկները: Իհարկե, դուք նույնպես կհարստացնեք ձեր տեխնիկական հնարքների զինանոցը, - ասել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Արհեստավարժ բռնցքամարտիկները շրջել են Օլիմպավանում, եղել տարբեր մարզաձևերին բնորոշ մասնագիտական դահլիճներում: Հիացել են ստեղծված պայմաններով: Աշխարհի բազմաթիվ երկրներում են եղել, մարզվել, մրցել են տարբեր ասպարեզներում, բայց ոչ մի տեղ նման լավ պայմաններ չեն տեսել: Հպարտ են, որ քաղաքամայր Երևանն այսպիսի շքեղ Օլիմպավան ունի: Եվ սա պարոն Ծառուկյանի խղճի թելադրանքի արդյունքն է – ասել են տղաները: - Գիտենք, որ Գագիկ Ծառուկյանը լավ մարզիկ է եղել, հասկանում է նրանց հոգեբանությունը և ամեն ինչով նպաստում է հաջողության հասնելու գործին: Նրա հետ զրույցը մեզ նորովի ոգևորեց, նոր ուժ ու եռանդ հաղորդեց, այնքան,որ հետայսու նույնպես հաղթանակներ կտանենք և, ինչպես պարոն Ծառուկյանն ասաց ` միշտ բարձր կպահենք եռագույնի պատիվը:
Գագիկ Ծառուկյանը հյուրերի հետ այցելել է ուսումնամարզական հավաքի մասնակից ըմբիշներին:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը բռնցքամարտիկ Պետրոս Անանյանին պարգևատրել է Վլադիմիր Ենգիբարյանի անվան հուշամեդալով: