Մինսկում ավարտված շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում Հայաստանի միանգամից չորս ներկայացուցիչ լրացրեց միջազգային գրոսմեյստերի նորմը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Հայաստանի շախմատի ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը:
Հայկական շախմատի պատմության մեջ նման բան առաջին անգամ է տեղի ունենում: Հայկ Մարտիրոսյանը լավագույն արդյունքը ցույց տվեց 18 տարեկան մասնակիցների մեջ, իսկ Արամ Հակոբյանը երկրորդն էր: 17-ամյա Մարտիրոսյանի համար սա արդեն գրոսմեյստերի չորրորդ նորմն է: Հայկը նաեւ զգալիորեն բարելավել է իր վարկանիշը եւ հոկտեմբերին ՖԻԴԵ-ի առաջիկա համաժողովում պատվավոր կոչումը կշնորհվի նրան: Հայ շախմատի պատմության մեջ սա երկրորդ արդյունքն է: Ավելի վաղ տարիքում Հայաստանում գրոսմեյստերի կոչմանն արժանացել է միայն Սամվել Տեր-Սահակյանը (15 տարեկան):
20-ամյա Արման Միքայելյանն արդեն երրորդ անգամ է լրացնում գրոսմեյստերի նորմը: Որպեսզի ստանա այդ կոչումը, նրան մնում է միայն բարձրացնել իր վարկանիշը 20 կետով` հացնելով այն 2500-ի:
Միքայելյանը Մինսկում մրցանակային տեղ նվաճելու լավ հնարավորություններ ուներ, բայց վերջին երկու պարտիաներում կրած ցավալի պարտությունները թույլ չտվեցին նրան անգամ Աշխարհի գավաթի ուղեգիր նվաճել:
15-ամյա Արթուր Դավթյանը կարողացավ առաջին անգամ լրացնել գրոսմեյստերի նորմը: Ունենալով 2216 վարկանիշ` նրան հաջողվեց հաղթել իսրայելցի գրոսմեյստեր Իյլա Սմիրինին (2676):