Աննա Մելքոնյան. Ցավոք, շատ հանդբոլիստներ կարիերան չեն շարունակում ակումբների բացակայության պատճառով

16:32 - 08 Մայ, 2017

«Շատ կցանկանայի, որ գոնե սիրողական ակումբներ լինեն: Առաջին հերթին, կավելանա մասնակից թիմերի քանակը, նաեւ մրցակցությունը կմեծանա»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Աննա Մելքոնյանը (լուսանկարում՝ ձախից)՝ ամփոփելով հայաստանյան առաջնությունը.

«Առաջնությանը մասնակցեց վեց թիմ, որոնցից երկուսը Լոռուց, մեկը՝ Արցախից: Մակարդակը գնահատում եմ բավարար: Չեմպիոն ՖԻՄԱ-ն ակնհայտ առավելություն ուներ մրցակիցների նկատմամբ: Թիմերի քանակը քիչ է, սակայն ուրախալի է, որ նախորդ տարվա համեմատ չի պակասել։

Ցավոք, շատ մարզիկներ ակումբների բացակայության պատճառով բանակից հետո չեն շարունակում կարիերան եւ մենք կորցնում ենք լավ խաղացողների»,- ասաց Աննա Մելքոնյանը։

Անդրադառնալով «Գորբունով» ՀԱ-ի բացակայությանը վերջին երկու խաղերին, ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը նշեց, որ առաջնության ավարտից առաջ թիմը հեռացել էր մրցավայրից.

«Երկու խաղերում «Գորբունով» ՀԱ-ին տրվեցին տեխնիկական պարտություններ: Միեւնույն ժամանակ, յուրաքանչյուր խաղի համար արձանագրություն ենք կազմել եւ ակումբը պատժվել է դրամական եւ վարչական տույժով»։

Հավաքականի մարզիչներ Արարատ Բարսեղյանը եւ Աշոտ Հակոբյանն առաջիկա օրերին կձեւավորեն հավաքականի կազմը։ Ազգային թիմը հունիսին մասնակցելու է զարգացող երկրների աշխարհի առաջնությանը.

«Հավաքականի կորիզը կազմված է ՖԻՄԱ-ի եւ «Վանաձորի» հանդբոլիստներից, բայց խաղացողներ կլինեն նաեւ մյուս թիմերից: Մեր ենթախմբում լինելու են Չինաստանի, Մոլդովայի եւ Ֆարո կղզիների թիմերը, որոնք բավականին ուժեղ մրցակիցներ են»,- եզրափակեց Աննա Մելքոնյանը։

 

Լուսանկարը` Աննա Մելքոնյանի անձնական արխիվից 

Այլ նորություններ