Ֆրանսիայի դերձակների բանակը լծված է Փարիզի օլիմպիական արարողությունների համար տարազներ ստեղծելու գործին: Դիզայներների կարծիքով իրենք կներկայացնեն պատմության, սպորտի և փառքի եզակի համադրություն:
Կոստյումները արդեն կախիչների վրա են՝ ծածկոցներով, որպեսզի աննկատ մնան ու հետո անակնկալ մատուցեն ներկաներին։
«Մենք ստեղծում ենք հագուստներ աշխարհի ամենամեծ երեկույթի համար», - ասել է հանդերձանքի պատասխանատու Դաֆնե Բերգին, ով նախկինում Ջոն Գալիանոյի ղեկավարությամբ աշխատել է Dior-ում:
Աշխատանքներում ներգրավված են թատրոնի, օպերայի և կինոյի փորձառու 20 դիզայներներ, ովքեր վերահսկում են ավելի քան 500 արհեստավորների աշխատանքը:
Հուլիսի 26-ին կայանալիք օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության համար ներգրավված են գրեթե 300 վարսահարդարներ ու դիմահարդարներ:
Հագուստի թափոնների և շրջակա միջավայրի աղտոտվածության վերաբերյալ մտահոգության դարաշրջանում շեշտը դրվում է հին և մաշված հագուստի օգտագործման վրա, որը կյանք է ունեցել նախկինում և կունենա նաև հետո:
Պատմական, հնաոճ ձևերին միացել են ժամանակակիցները: Պարային հագուստի գործվածքները ընտրված են այնպես, որ ամուր լինի և ապահովի առավելագույն շարժունակություն: