Եվրոպայի բռնցքամարտի երևանյան առաջնության երկօրյա պայքարում Հայաստանի հավաքականից մրցել են չորս մարզիկներ: Նրանցից երկուսը ձախողվել են, երկուսը՝ հաղթել:
Երկրորդ փուլ մտած Վախթանգ Հարությունյանին / 75 կգ / երեկ միացավ Համբարձում Հակոբյանը / 80 կգ /: Նրա մրցակիցն էր մոլդովացի Դմիտրի Կոսցյուկը: Վերջինը բարձրահասակ էր և ջանում էր երևանցուն պահել տարածության վրա ու անհրաժեշտ միավորներ վաստակել: Այդ անելը նրան հաջողվեց առաջին ռաունդում: Հաջորդ երկու մրցակեսերում նախաձեռնությունը խլեց տանտերը: Ավելին, հասակով զիջող Համբարձումին շարունակական գրոհների արդյունքում հաջողվում էր մոտենալ և դիպուկ հարվածներ հասցնել հյուրին: Մեր բռնցքամարտիկը երբեմն ուժգին հարվածներով << խոցում >> էր Կոսցյուկի որովայնը: Մոլդովացին ուժասպառվեց, չդիմացավ լարվածությանը, կորցրեց պաշտպանունակությունը, դեմքին ծանր հարվածներ ստացավ, հայտնվեց նոկդաունում, որը նրա համար նշանակում էր պարտություն:
Հանդիպման վերջնամասում հայ մարզիկը անընդմեջ հետապնդողի դերում էր ու տպավորիչ հաղթանակի հասավ: Այդ հաջողությունը Համբարձում Հակոբյանի կամային բարձր որակների վկայությունն էր:
Այսօր մեկնարկի կելնեն մեր երեք մարզիկներ: Բուլղարացի Կրիստիան Դիմիտրով-Ստեֆանովի հետ կմրցի Ռաֆայել Հովհաննիսյանը / 86 կգ /, իսկ ընդմիջումից հետո հունգարացի Ռոլանդ Վերեշի հետ հարաբերությունները կորոշի Կարեն Տոնականյանը / 60 կգ /:
Իր երկրորդ մենամարտը կանցկացնի 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը: Նա կմրցի Գերմանիան ներկայացնող Քևին Շումանի հետ: