Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ հարցազրույցում մեկնաբանեց Հելսինկիում կայացած գեղասահքի աշխարհի առաջնության արդյունքները:
-Եկեք սկսենք Անաստասիա Գալուստյանից, որը կարճ ծրագրի կատարումից հետո կարողացավ մտնել եզրափակիչ
- Նաստյան, ցավոք, չկարողացավ ներկայանալ նույն ոգեւորությամբ, ինչպես Օստրավայի Եվրոպայի առաջնությունում: Նա շատ էր ճնշված պատասխանատվության զգացումից, քանզի աշխարհի առաջնությունը 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի ընտրական մրցաշար էր: Ես մշտապես հիշեցնում էի նրան, որ սա միայն առաջին հնարավորությունն է: Կա նաեւ սեպտեմբերին Գերմանիայում կայանալիք ընտրական մրցաշար: Անաստասիան շատ լարված էր ու մենք, չնայած բոլոր ջանքերին, չկարողացանք հանդարտեցնել նրան:
Հելսինկիում գեղասահորդուհին հանդես եկավ իր հնարավորությունների միջին չափով: Անաստասիան մեզ կայունության է սովորեցրել եւ որոշակի մակարդակից ներքեւ չի իջնում: Սակայն, գեղասահքում ամեն բան հնարավոր է:
Հիշեք ռուս գեղասահորդուհի Աննա Պոգորիլայային, որը մի քանի անգամ վայր ընկավ կամավոր ծրագրի կատարման ընթացքում, ինչի արդյունքում 4-րդից նահանջեց 13-րդ հորիզոնական: Աղջիկը լալիս էր ու չէր կարողանում բարձրանալ սառույցից:
Նաստյան այդպիսի ձախողումներ թույլ չտվեց, բայց լարվածությունից չկատարեց պլանավորած ցատկը: Օլիմպիական կրքերը նրան «կերան»:
-Գալուստյանը մո՞տ էր օլիմպիական խաղերին մասնակցելուն
-Չեք պատկերացնի, թե որքան: Ի սկզբանե Փխենյան 2018-ին մասնակցելու համար պետք է ընտրվեին 20 լավագույններ: Բայց ընտրական համակարգը մեր մարզաձեւում բավականին բարդ է: Այստեղ նշանակություն ունի առանձին վերցված երկրի համար սահմանված ուղեգրերի քանակը: Բոլոր հաշվարկներից հետո պարզվեց, որ 2018 թվականի խաղերին մասնակցելու են 22 գեղասահորդուհիներ, իսկ Նաստյան 23-րդն էր: Դրանից աղջիկն ավելի ընկճվեց, բայց կյանքը շարունակվում է: Ամենահետաքրքիրն այն է, որ եթե Պոգորիլայան չձախողեր իր ծրագիրը, մեր գեղասահորդուհին օլիմպիական խաղերին մասնակցելու իրական հնարավություններ կունենար:
-Անցնենք Սլավիկին ու մեր պարային զույգին
-Սլավիկը չկարողացավ մտնել եզրափակիչ: Նա նորմալ կատարեց ծրագիրը, կատարեց 3.5 շրջապտույտ ցատկը, բայց ձախողեց համալիր ցատկը: Տղամարդկանց գեղասահքում ուժեղ մրցակցություն է, համարյա բոլորը կատարում են քառակի ցատկեր:
Ինչ վերաբերում է Թինա Կարապետյան/Սիմոն Պրու-Սենեկալ պարային զույգին, նրանք շատ լավ կատարեցին ծրագիրը: Թինան եւ Սիմոնը, կարճ ժամանակ է, ինչ միասին են հանդես գալիս, ժամանակ է հարկավոր ներքեւից բարձրանալու: Նրանք մարզվում են Կանադայում, որտեղ պարային զույգերի շատ ուժեղ դպրոց կա: Նրանց ես խորհուրդ եմ տվել մինչեւ ընտրական մրցաշարը փոխել մարզչին: Թինային եւ Սիմոնին նոր սկիզբ է հարկավոր, իսկ Կանադայում որակյալ մասնագետների մեծ ընտրություն կա: Շոն Ուինթերը լավ մարզիչ է, բայց եկել է փոփոխությունների ժամանակը: Մեր պարային զույգն օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորություն ունի:
-Ինչպիսի՞ն են հնարավորությունները Գերմանիայի ընտրական մրցաշարում
-Հատկապես Նաստյան ունի այդ հնարավորությունը: Դեռ հայտնի չէ Օբերսդորֆում կայանալիք մրցաշարում խաղարկվելիք օլիմպիական ուղեգրերի քանակը:
Հնարավոր է՝ 6-7: Չեմ ցանկանում կանխատեսումներ անել: Պայքարելու ենք մինչեւ վերջ:
-Հիմա մարզիկները վերադարձե՞լ են
- Անաստասիան վերադարձել է Մոսկվա, Թինան եւ Սիմոնը` Կանադա, իսկ Սլավիկը մեկնեց Ադլեր, որտեղ կշարունակի մարզվել Ալեքսեյ Ուրմանովի ղեկավարությամբ: Օգոստոսից մարզիկները նորից կշարունակեն մասնակցել միջազգային մրցաշարերի: Այս մրցաշրջանում նրանց միայն մեկ մեկնարկ է մնացել` Հայաստանի առաջնությունը:
-Ե՞րբ տեղի կունենա ազգային առաջնությունը
-Պլանավորում էինք մայիսի 19-21-ին: Բայց ամենայն հավանականությամբ մի քանի օր առաջ կգցենք՝ պայմանավորված չմշկավազքի միջազգային միության փոխնախագահ Ալեքսանդր Լակերնիկի հավանական այցով Երեւան: Նա շատ հայտնի եւ հարգված անձնավորություն է գեղասահքի աշխարհում: Նրա խորհուրդները մեզ շատ կօգնեն, այդ թվում օլիմպիական խաղերի ընտրական փուլի հետ կապված հարցերում: