Երևանի Րաֆֆու անվան հիմնական դպրոցում ավարտվեց սեղանի թենիսի ավանդական միջբուհական բաց առաջնությունը, որն այս տարի կայացավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և «Կելմե»-ի աջակցությամբ:
Ինչպես ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպության նախագահ Գոհար Ղումաշյանը, մրցաշարն անցկացվում է ամեն տարի Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հետ համատեղ:
«Ամեն տարի կազմակերպվում են տարբեր մրցաշարեր՝ շախմատի, վոլեյբոլի, բասկետբոլի և ֆուտբոլի: Բացումն արեցինք թենիսի մրցաշարով: Այս տարի մեզ միացան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և «Կելմե» ընկերությունը, ինչի համար շատ շնորհակալ ենք»,-ասաց Ղումաշյանը:
Հաղթողներին և մասնակիցներին մրցանակներ հանձնեց ՀԱՕԿ կոմերցիոն բաժնի պետ Մանե Մուրադյանը:
«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ ի դեմս նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանի, միշտ հետևում է նմանատիպ մարզական միջոցառումների և իր աջակցությունն է ցուցաբերում: Մենք միշտ պատրաստ ենք սատարելու և խրախուսելու ցանկացած մարզական, երիտասարդական միջոցառումների»,- նշեց Մուրադյանը:
Հաղթող դարձավ Հայ-Ռուսական համալսարանի թիմը:
Լուսանկարներն՝ այստեղ
ՀԱՕԿ լրատվության բաժին