Օլիմպիական խաղերի, Եվրոպայի արդեն հնգակի, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը / 97 կգ / Հռոմում, Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունում, կրկին հաստատեց իր բարձր կարգը: Վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի չեմպիոն որդին եզրափակիչում մրցեց Իտալիայի թիմի անդամ, ազգությամբ վրացի Նիկոլոզ Կախելաշվիլու հետ: Մեծանուն գյումրեցին մրցակցին գերազանցեց 7:1 հաշվով և կանգնեց պատվանդանի` իր համար սովորական դարձած վերին աստիճանին: Այդկերպ՝ հաղթականորեն նա ազդարարեց Հին աշխարհամասի 2020թ․ առաջնության ավարտը։
Արթուրը եզրափակիչի ճանապարհին հաջորդաբար հաղթեց թուրք Զենք Իլդեմին, բուլղար Կիրիլ Միլովին և Ֆինն Մատի Էլիաս Կուոմանենին:
Մրցավարտից հետո Արթուրի մասին յուրօրինակ մեկնաբանություն արեց հավաքականի գլխավոր մարզիչ Էդվարդ Սահակյանը. << Տարիների ընթացքում այնքան շատ բան է գրվել ու խոսվել մեր անպարտելի ըմբիշի մասին ,որ գովեստի այլ խոսքեր չեմ գտնում: Բավական է միայն նշել նրա բազում հաղթանակները և ամեն բան պարզ կդառնա >> :
Հայ մարզասերը սպասում է Արթուր Ալեքսանյանի Տոկիոյի օլիմպիական խաղերի հերթական հաղթական մրցելույթներին` կրկին ոսկու փայլով: