ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆԸ ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

11:37 - 28 Ապր, 2022

Այս տարի Երևանում տեղի կունենան միջազգային պաշտոնական բազմաթիվ մրցաշարեր: Արդեն հայտնի է, որ մի քանի օրից, ստույգ ՝ մայիսի 21 –ին, Ծիծեռնակաբերդի  ՄՀՀ –ում կմեկնարկի Եվրոպայի բռնցքամարտի հերթական առաջնությունը: Դրանից մի քանի ամիս հետո մեր մայրաքաղաքում զուգահեռաբար կանցկացվի  աշխարհի սամբոյի երիտասարդական և պատանեկան առաջնությունը:

Մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը զրույցի ժամանակ ասաց, որ այդ ստուգատեսը կմեկնարկի հոկտեմբերի 14 –ին՝  մարզահամերգային համալիրում:

Միքայել Հայրապետյանը գործընկերների հետ նախապատրաստական լուրջ աշխատանքներ է կատարում: Պետք  է շուքով կազմակերպել և անցկացնել ստուգատեսը, այնպես, որ բոլոր հյուրերը Հայաստանին հրաժեշտ տան  բարձր տրամադրությամբ ու շնորհակալ լինեն ոչ միայն կազմակերպիչներին, այլ նաև մեր երկրին ու ժողովրդին:

Մրցաշարը մասշտաբային է: Կարևորությունը գիտակցում  են մեր հավաքականների մարզչական խորհուրդները: Նպատակ կա ներկայանալ թիմերի լրիվ կազմերով: Հարկ է նաև, որ տանտերերը հաջող մրցելույթներ ունենան և արդարացնեն մարզասերների սպասելիքները:

Տեղեկացանք, որ աշխարհի մեծահասակների առաջնությունը, որը պետք է տեղի ունենար նոյեմբերի 11 – 13-ը ՝ Աշխաբադում, տեղափոխվել է և նշած ժամկետներում կանցկացվի Բիշքեկում:

Նշենք, որ  Երևանը  պետք է դառնար ընթացիկ մրցաշրջանում նախատեսված վետերան սամբիստների աշխարհի առաջնության մրցավայր: Բայց մարզաձևի միջազգային ֆեդերացիան միջոցառումը կանցկացնի հաջորդ տարի՝ դարձյալ Երևանում:  

Կրտսեր տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը, որը նշանակված էր դեկտեմբերին ՝ Քիշնևում, դարձյալ հետաձգվել է, և կկայանա  հաջորդ մրցաշրջանում:

 

Այլ նորություններ