Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան իր պաշտոնական կայքում անդրադարձել է Հայաստանի ներկայացուցիչների բարձրակարգ ելույթներին: Աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի / Կահիրե / ավարտից հետո, հատկապես առանձնացրել է օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանին և Վահագն Դավթյանին:
Հենացատկերում 29 –ամյա Արթուրի կատարած յուրաքանչյուր ցատկը մասնագետները մանրամասնել , վերլուծել են: Նրա թափավազքի արագությունը, օդում ճախրելու հմայքը, ճշգրիտ առգետնումը, անթերի վարպետությունը` հիրավի չեմպիոնական են:
Վահագն Դավթյանը, անտարակույս, օղակների արքա Ալբերտ Ազարյանի արժանի հետնորդներից մեկն է:
Օղակները Դավթյանի, ինչպես ասում են, ֆիրմային գործիքն է: Ինչպես Ազարյանը, Վահագնը նույնպես, բարձրահասակ է, սլացիկ, և ֆիզիկապես ուժեղ: Ավելացնենք նաև նրա կատարյալ տեխնիկան և վարժությունը ներկայացնելու բարձր կուլտուրան:
Հայաստանի հավաքականը աշխարհի գավաթի խաղարկության երեք փուլերի արդյունքով, մեդալների ոչ պաշտոնական հաշվարկով, առաջին տեղում է. հինգ ոսկե, երեք արծաթե և մեկ բրոնզե պարգև: Հաջորդ երկու հորիզոնականում են Ուկրաինայի / 3+5 +1 / և Իսրայելի / 3+ 0 + 3 / մարմնամարզիկները: