Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվում է 32 –րդ ամառային օլիմպիական խաղերը: Լարվածությունը և մրցաշարերի նկատմամբ հետաքրքրությունը հասնում է գագաթնակետին: Շատ մարզաձևերում օրեկան որոշվում են չեմպիոններն ու մրցանակակիրները:
Հայաստանի մարզասերները հաղթանակի ակնկալիքով են հետևում հատկապես մեր պատվիրակության գլխավոր հրետանու ՝ մենապայքարային մարզաձևերի ներկայացուցիչների ելույթներին: Ճիշտ է, այսօր, ամռան վերջին ամսի առաջին օրը ձախողվեցին մեր բռնցքամարտիկ Արման Դարչինյանը/ 75 կգ / և հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Մելիքյանը / 60 կգ /: Եթե վերջինին հաղթած ուկրաինացի ըմբիշ Տիմուրովը հասնի եզրափակիչ, ապա Արմենը կմասնակցի բրոնզե մեդալի համար պայքարին:
Ամեն բանից անկախ, չեն մարում մեդալակիրներ ունենալու հույսերը: Դրանք երևի թե արդարանան վաղը ՝ օգոստոսի երկուսին կայանալիք ստուգատեսներում:
Հետևենք հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանի / 77 կգ /, Արթուր Ալեքսանյանի / 97կգ / և մարմնամարզիկ Արթուր Դավթյանի մրցելույթներին:
Ի դեպ, Կ.Չալյանի առաջին մրցակիցն է ուզբեկ Յալգաշբայ Բերդիմուրատովը, իսկ Ա. Ալեքսանյանինը ՝ ղըրղզ Ուզուր Ջուզուպբեկովը:
Լուսանկարը ՝ Ասատուր Եսայանցի / Տոկիո – Երևան /: