Հաջող մեկնարկ աշխարհի գավաթի խաղարկությունում

11:00 - 23 Նոյ, 2018

Գերմանիայի Գոթբուս քաղաքում  մեկնարկել է   սպորտային մարմնամարզության  այս տարվա աշխարհի գավաթի խաղարկության  վերջին` ութերորդ փուլը: Մասնակիցները մեդալների համար պայքարում են միայն առանձին գործիքների վրա:

Հայաստանի չորս պատվիրակներից  գերազանց մեկնարկով առանձնացավ նժույգթափերի փորձառու վարպետ  Հարություն Մերդինյանը: Նա առաջ անցավ բոլոր մրցակիցներից, վաստակեց 14,966 միավոր և առաջին արդյունքով մտավ եզրափակիչ ` լավագույն ությակ: Երկրորդ ցուցանիշն ունեցավ  նույն մրցաձևից աշխարհի այս տարվա չեմպիոն և  ոսկե մեդալակիր, չինացի Վանգ Հաոն / 14, 900 միավոր /:

Սպասելիքներն արդարացրեց  նաև Արթուր Թովմասյանը, ով օղակների վրա վաստակեց 14, 733 միավոր և հինգերորդ արդյունքով նույնպես  եզրափակիչում է: Նրա թիմակից Վահագն Դավթյանը եզրափակեց ուժեղագույն տասնյակը:

Բազմամարտիկին վայել  մարտական որակներ է դրսևորում Արթուր Դավթյանը: Մրցափորձը հարստացնելու նպատակով  նա ուժերը փորձում է բոլոր վեց գործիքների վրա:Բայց մեդալների համար առավել լուրջ պայքար կմղի իր նախասիրած հենացատկում, որի մեկնարկը կտրվի այսօր երեկոյան:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ