ՀՀ ՌԵԿՈՐԴ ՝ ՏՈԿԻՈՅՈՒՄ

15:17 - 27 Հուլ, 2021

Օլիմպիական խաղերի լողի մրցաշարում, տղամարդկանց 100մ. լողաոճում, 72 մասնակիցների պայքարում 38 –րդ  հորիզոնականում հանգրվանելը այնքան էլ  գոհացնող  չէ:  Ուրիշ է, երբ մարզիկը այդ ցուցանիշին հասնում է՝ գերազանցելով իր երկրի բարձրագույն նվաճումը: Դա կարելի է նույնիսկ սխրանք համարել, որովհետև լողորդը փաստորեն տվյալ լողահերթում ներդրել է իր ամբողջ ունակությունները, արել է անհնարինը:

Ասածը վերաբերում է մեր Արթուր Բարսեղյանին, ով նշած մրցատարածությունն անցավ 49, 78 վայրկյանում: Իր լողահերթում, ութ մրցակիցների պայքարում նա վերջնագիծը հատեց երկրորդը:

Այդուհանդերձ նա դուրս մնաց պայքարի շարունակությունից, քանզի առաջատար 16 լողորդների շարքում տեղ չունեցավ:

Մարդ ակամա մտածում է. եթե հնարավոր լիներ յուրաքանչյուր ստուգարքում / մրցումային կամ մարզումային / որոշ ակնթարթներով բարելավել նախորդ արդյունքը, ապա նույնիսկ օլիմպիական խաղերում հնարավոր կլիներ դառնալ մրցանակակիր:

Դրան են ձգտում պատվասեր մարզիկները: Իհարկե գիտենք , որ մեզանում լողորդների համար լիարժեք պայաններ չկան: Բայց նշանակալի իրադարձություն է, որ Արթուր Բարսեղյանը Տոկիոյի օլիմպիական խաղերում սահմանել է համապետական բարձրագույն նվաճում,  որի համար շնորհավորում ենք նրան:

Հուլիսի 30-ին Արթուր Բարսեղյանն ուժերը կփորձի նաև 50 մետր ազատ ոճում: Մինչ այդ վաղը՝ հուլիսի 28 –ին օլիմպիական լողավազանում կմրցի /100 մետր ազատ ոճ /  Վարսենիկ Մանուչարյանը:

 

Այլ նորություններ