Հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը հաջող քննություն բռնեց Խորվաթիայի Օսիեկ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում:
Երևանցի մարզուհին ատրճանակավարների մրցաշարում հաղթահարեց նախնական փուլերի արգելքները և մտավ եզրափակիչ ությակ: Վճռական կրակահերթերում նա արդարացրեց սպասելիքները: 10 մ. հեռավորությունից, 60 կրակոցով վաստակեց 575 միավոր, սահմանեց անձնական ու համապետական նոր ռեկորդ և գրավեց պատվավոր հինգերորդ տեղը:
Զուգահեռաբար անցկացվեց նաև երիտասարդական առաջնությունը: Ավագ թիմակցուհու հաջողությունը կրկնեց բանակային Հայկ Բաբայանը: Հրացանակիրների մրցաշարում նա նույնպես մտավ եզրափակիչ, վաստակեց 623,5 միավոր և եզրափակեց մրցանակային վեցյակը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանն ասաց, որ մինչ մրցումները նույն՝ Օսիեկ քաղաքում մեր նշանառուները անցկացրել են ուսումնամարզական հավաք: Այն լիովին ծառայել է նպատակին: Այդ մասին վկայել են մրցումային բնույթի փորձնական կրակահերթերը: Բարձր արդյունքներ են գրանցվել, որոնց կրկնելը, ավաղ, առաջնությունում չի ստացվել:
Հավաքականի ղեկավարը նաև ասաց, որ Էլմիրայի ցուցանիշը վարկանիշային է, բայց սպասենք մինչև պաշտոնական հրապարակումը: