ԴԱՐՈՎ ՄԵԾԱՆԱՍ, ՎԱՐՊԵՏ

10:27 - 02 Դեկ, 2022

. . . «Լեգենդներին, որոնք մեր ազգի պատիվը աշխարհով մեկ բարձր են պահել, ճանաչում են տվել մեր երկրին, պիտի կարողանանք իրենց իսկ  կենդանության օրոք  մեծարել։

Նման պատվի և մեծարանքի  Դուք արժանի եք, պարոն Ազարյան: Ձեր կիսանդրին կերտելը և այն Ձեր անվան մարզադպրոցի տարածքում տեղադրելը իմ վաղեմի  ցանկությունն է եղել:  

Դուք ճանաչվել եք ՀՀ 20 - րդ դարի լավագույն մարզիկ, քանզի աշխարհում միակ հայն եք , որ դարձել եք օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն:

Դուք նաև հայրենական  սպորտի մեծագույն հայրենասերն եք,որ  Ձեր լուռ հրամանով ստիպել եք առաջին քրիստոնյա երկրի խաչը կատարել  բոլոր դավանանքներն  ու ազգությունները համաշխարհային ստուգատեսներում  ներկայացնող մարմնամարզիկներին:

Պրն. Ազարյան, դուք Ձեզ   լավ նայեք: Ինքս պարտավոր եմ  հոգալ Ձեր առողջության և երկարակեցության  համար:  

Ազարյանի անվան նոր դպրոց ենք կառուցելու և նրա տարածքում  նոր արձան պիտի վեր հառնի:

Ազարյան ջան,  միասին ենք մասնակցելու բացման արարողությանը . . . »,- ասել է  ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Երեկ, 2022թ. դեկտեմբերի մեկին, Ալբերտ Ազարյանի անվան  օլիմպիական հերթափոխի մարմնամարզության մարզադպրոցի բակում տեղադրվեց  փառահեղ մարմնամարզիկի  կիսանդրին: Ներկա էր նաև ինքը ՝ օղակների  93 –ամյա արքան:

Արարողությանը  ներկա էին և վարպետին շնորհավորեցին  ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, փոխնախարար Կարեն Գիլոյանը, մարզաձևի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, մարզաշխարհի մարդիկ, մարզասերներ, շատերը:

 

Մեծն Ազարյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին և Ծառուկյանին խոստացավ . . . ապրել մեկ դար:

Հավելենք, որ բրոնզաձույլ կիսանդրին կերտել է քանդակագործ Գերասիմ Շահվերդյանը:

 

Այլ նորություններ