Ավարտվող մրցաշրջանում Հայաստանի ջրացատկորդները լավ մրցելույթներ ունեցան: Առաջին հերթին նկատի ունենք Եվրոպայի առաջնությունը, որտեղ Լև Սարգսյան - Վլադիմիր Հարությունյան երկյակը բրոնզե մեդալակիր դարձավ 10 մ. սինխրոն աշտարակացատկում:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը զրույցի ժամանակ ասաց, որ օլիմպիական խաղերում, սինխրոն աշտարակացատկի մրցումներին կմասնակցի ընդամենը ութ զույգ: Սա նշանակում է, որ օլիմպիական ուղեգիր նվաճելը չափազանց դժվար է: Աշխարհի առաջնությունում պետք է տեղ զբաղեցնել լավագույն եռյակում, իսկ աշխարհի գավաթի խաղարկությունում` առաջին քառյակում: Ինչ վերաբերում է անհատական մրցումներին, ասենք, որ այստեղ տրվում է ընդամենը 12 ուղեգիր:
Եվրոպայում ցատկերի բարդությամբ / երկու պարտադիր և չորս կամավոր / հայաստանցիները երկրորդն են: Վերը նշած մարզիկներից բացի, ճանաչում են ձեռք բերել նաև Ազատ Հարությունյանը և Վարդան Բայանդուրյանը: Բայց մեզանում անցկացվող ուսումնամարզական հավաքներում ընդգրկվում են տարիքային տարբեր խմբերում աչքի ընկնող 12- 15 մարզիկներ: Այդկերպ է հնարավոր պահպանել մարզաձևում ունեցած մեր հարուստ ավանդույթները:
Ջրացատկորդների համար տարին արդեն ավարտվել է: Հավաքականն ընդհանուր ֆիզպատրաստականության հավաքով է նախապատրաստվում նոր մրցաշրջանին: Նպատակ կա լավ մասնակցել համաշխարհային ուսանողական խաղերին և աշխարհի առաջնությանը , որոնք հաջորդաբար տեղի կունենան հուլիսին: Դրանց հաջորդող Եվրոպայի առաջնությունը կանցկացվի օգոստոսին: Բոլոր երեք ստուգատեսները, գումարած 2020 –ին կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությունը, կարևոր են << Տոկիո 2020 >>- ում տեղ ապահովելու համար:
ՀԱՕԿ լրատվական բաժին