Հպարտ եմ որ հայրս, պապս հայեր են և իմ արմատները հայկական են. Անաստասիա Գալուստյան

11:00 - 19 Փետ, 2016

Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերը մոտենում են իրենց տրամաբանական ավարտին: Անցած մի քանի օրերի ընթացքում Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Միքայել Միքայելյանը և Անաստասիա Գալուստյանը, մասնակցեցին դահուկասահքի և գեղասահքի մրցաշարերին: Օլիմպիական Լիլեհամերից մեկնելուց առաջ գեղասահորդուհի` Անաստասիա Գալուստյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում կիսվեց տպավորություններով, խոսեց իր ելույթների և առաջիկա անելիքների մասին: 

- Անաստասիա, խնդրում եմ` պատմիր, թե ինչպե՞ս սկսեցիր զբաղվել գեղասահքով:

-Ծնողներս` երկուսն էլ, գեղասահորդներ են՝ թե´ մայրս, թե´ հայրս: Ես էլ սկսեցի գեղասահքով զբաղվել, և դա տրամաբանական եմ համարում: Մեր ընտանիքը կարծես գեղասահքով ապրող ընտանիք լինի: Գեղասահքն ապրելակերպ է դարձել: Առաջին անգամ չմուշկների վրա կանգնել եմ 3 տարեկանում, և սերն այս մարզաձևի նկատմամբ մնացել է մինչ օրս: Իսկ առաջին և միակ մարզիչներս եղել են և կան ծնողներս:

 -Ինչպե՞ս որոշեցիր հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո:

-Դեռևս 2012 թվականին առաջարկ կար հայկական կողմից, և ես չէի կարող հրաժարվել նման հնարավորությունից: Ես իսկապես ուրախ եմ, որ ինձ առիթ է ընձեռնվել Հայաստանը ներկայացնել միջազգային մրցաշարերում: Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ հայկական դրոշի ներքո: Միշտ էլ ասել եմ այդ մասին և կրկնելու եմ: Հպարտ եմ, որ հայրս, պապս հայեր են, և իմ արմատները հայկական են: Առավել հաճելի է, երբ երկրպագուներն են շատանում, այն էլ` հայ:

-Ի՞նչ էր քեզ համար մասնակցությունը պատանեկան Օլիմպիական խաղերին:

 -Իհարկե, շատ եմ կարևորում մասնակցությունը երկրորդ պատանեկան Օլիմպիական խաղերին: Տխրեցի, իհարկե, որ հիվանդությունը թույլ չտվեց ամբողջ ուժով ներկայանալ: Ինձ դուր եկավ, թե ինչպես սահեցի կարճ ծրագրի ժամանակ, բաց որևէ մեկնաբանություն չեմ տա ազատ ծրագրի վերաբերյալ: Կարող էի չմասնակցել ազատ ծրագրին, սակայն որոշեցի մասնակցել, թեպետ ջերմում էի, դրանից հետո ինքնազգացողությունս ավելի վատացավ:

 

 -Ի՞նչ տպավորություններով ես վերդառնում Նորվեգիայից:

-Անկրկնելի մթնոլորտ էր ամբողջ խաղերի ընթացքում: Հետաքրքիր և հիշարժան էր: Բոլոր մարզիկները շատ ջերմ են մեկ մեկու նկատմամբ, իսկական օլիմպիական տոն էր: Նոր ընկեր գտա: Այստեղ հանդես էին գալիս նաև գեղասահորդներ, ովքեր  հիմնականում մասնակցում են միջազգային մրցաշարերին, և մենք իրար ճանաչում ենք:

-Ի՞նչ մրցաշարերի ես պատրաստվում մասնակցել:

-Վերականգնվելուց հետո կսկսեմ նախապատրաստվել աշխարհի առաջնությանը, որն այս տարի անցկացվելու է ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում:

Լիլեհամեր, Նորվեգիա 

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ